Home / Հայաստան / Ադրբեջանի սահմանը հատած Անդրանիկ Գրիգորյանը ծնողներին տեղեկություններ է փոխանցել

Ադրբեջանի սահմանը հատած Անդրանիկ Գրիգորյանը ծնողներին տեղեկություններ է փոխանցել

Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում հանդիպել են Ադրբեջանի սահմանը հատած զինծառայող Անդրանիկ Գրիգորյանին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՊԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Նրա խոսքով՝ Գրիգորյանին փոխանցվել է անձնական բնույթի ինֆորմացիա իր ընտանիքի մասին: Հայաստանում Կարմիր Խաչը հանդիպում է կազմակերպել նաև ԼՂՀ-ում բնակվող Գրիգորյանի մոր և հոր հետ: Նրանց էլ փոխանցվել է Անդրանիկի կողմից ծնողներին ուղղարկված ինֆորմացիան:

Կազմակերպությունը գաղտնի է պահում զինծառայողի և նրա հարազատների միջև տեղի ունեցած հեռակա հաղորդակցության բովանդակային մարմանասները:

Հիշեցնենք, որ համաձայն ԼՂՀ Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության՝ պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանը ԼՂ Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից Ադրբեջանի կողմն է անցել մարտի 22-ին: Զինծառայողը զենք-զինամթերքը թողել է մարտական հենակետում: 

Զինծառայողի հայրն Azatutyun.am-ին պատմել է, որ որդին ծառայության ընթացքում խնդիրներ է ունեցել։ Հոր խոսքով՝ վերջին անգամ, երբ Անդրանիկը տուն էր եկել, շատ անտրամադիր էր և այդպես անտրամադիր էլ հետ է գնացել զորամաս: Հեռախոսով ծնողները չէին կարողացել համոզել Անդրանիկին ինչ֊որ բան ասել իր վիճակի մասին: Արարատ Գրիգորյանի խոսքով՝ որդին զորամասի հրամանատարությանը խնդրել էր, որպեսզի փոխեն իր ծառայության վայրը:

Գրիգորյաններն ապրում են Լեռնային Ղարաբաղի Մարտունիի շրջանի Բերդաշեն գյուղում: