Home / Տեսանյութեր / Հանցագործության մեջ մեղադրվող ՔԿՀ֊ի պետի տեղակալը շարունակում է աշխատանքի հաճախել

Հանցագործության մեջ մեղադրվող ՔԿՀ֊ի պետի տեղակալը շարունակում է աշխատանքի հաճախել

«Հրազդան» ՔԿՀ-ի պետի ռեժիմային գծով տեղակալ Սամվել Բաբայանը, թեև ներգրավված է որպես կասկածյալ ՔՀԿ-ում մեծ թվով բջջային հեռախոսներ իրացնելու առթիվ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով, շարունակում է պաշտոնավարել: Այս մասին Epress.am-ին հայտնել են «Հրազդան» ՔԿՀ-ի աղբյուրները: Աշխատանքի է հաճախում նաև գործով որպես մեղադրյալ անցնող ՔԿՀ-ի մեկ այլ աշխատակից Լեոնիդ Մկրտչյանը:

Համաձայն գործի նյութերի՝ այժմ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող կալանավոր Արմեն Շամիրյանը «Հրազդան» ՔԿՀ֊ի կալանավորների շրջանում բջջայիններ սպառելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերել Բաբայանի հետ։ Շամիրյանի հարազատները, ընկերները, բարեկամները հեռախոսները գնել են, իսկ Սամվել Բաբայանը դրանք մուտք է արել «Հրազդան» ՔԿՀ։ Վաճառքից ստացված ողջ գումարը փոխանցվել է Բաբայանին, ով, ըստ Շամիրյանի հետ պայմանավորվածության, պետք է գումարի 50%-ը վերադարձներ դատապարտյալին, սակայն դա չի արել: Բաբայանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։

Դեպքի մասին Epress.am-ը գրել էր 2014 թվականի սեպտեմբերի 12-ին, սակայն Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը մեզ հետ զրույցում կարծիք էր հայտնել, թե պաշտոնյային զրպարտում են։ Հետագայում գործով զբաղվել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ նշելով, որ խոսքը գնում է մոտ 5 մլն դրամի չափով հեռախոսների իրացման մասին: 

Քրեական գործ հարուցելուց հետո տասնյակ վկաներ են հարցաքննվել, սակայն մեծ թվով վկաներ դեռևս պետք է հարցաքննվեն։

«Վկաներից ավելի քան 10-ը դեռ կալանավայրում են, հետևաբար վախենում են ցուցմունք տալ բանտի պետի տեղակալի դեմ, ով շարունակում է պաշտոնավարել», – ասել է ՔԿՀ֊ի մեր աղբյուրը:

Փաստաբան Հարություն Բաղդասարյանը Epress.am-ի հետ զրույցում հարցին անդրադառնալով` ասել է, որ քրեադատավարության օրենսգիրքը չի պարտադրում կասկածյալի աշխատանքային լիազորությունները կասեցնել, սակայն դա կարող է անել դատախազը:

«Կան մի քանի դեպքեր, որոնք նախատեսում են, որ դատախազը նման միջնորդություն կարող է անել։ Օրինակ, եթե դատախազը համարում է, որ կասկածյալի աշխատանքային լիազորությունների չկասեցման դեպքում նա կարող է այլ հանցագործություն անել կամ եթե համարում է, որ կասկածյալի պաշտոնավարումը կարող է խոչընդոտել վկաների ազատ արտահայտմանը, ապա դատախազը կարող է նման միջնորդություններ անել, սակայն պարտավոր չէ»,- բացատրել է Բաղդասարյանը: