Home / Հայաստան / Վարկերի սառեցում, պետպատվերով բուժում. նաիրիտցիները նոր պահանջներ են ներկայացրել

Վարկերի սառեցում, պետպատվերով բուժում. նաիրիտցիները նոր պահանջներ են ներկայացրել

Այսօր Կառավարության շենքի մոտ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները ներկայացրել են 9 կետանոց պահանջ, որը Կառավարությունը պետք է կատարի մինչև աշխատավարձերի վճարումը: Պահանջը կառավարության շենքի մոտ ընթերցել է «Նաիրիտ»֊ի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը: Պահանջներից առաջինը «Նաիրիտ»֊ի ազատված աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների՝ բանկերից վերցված վարկերի վճարների սառեցումն է՝ մինչև աշխատավարձի պարտքի ամբողջական մարումը:

Մյուս պահանջներն են՝ գործարանի ազատված աշխատակիցների երեխաների ուսման վարձերի վճարման հետաձգումը, աշխատակիցների կոմունալ ծախսերի վճարումների հետաձգումը, հիվանդության դեպքում «Նաիրիտ»֊ի նախկին և ներկա աշխատակիցների անհրաժեշտ վիրահատությունների պետպատվերով ապահովումը, թոշակառու աշխատակիցների թոշակների վերահաշվարկը՝ անցած 2 տարիների կտրվածքով, 18-25 ամսվա աշխատավարձի պարտքի մարումը, առավելագույնը 6 ամսվա կտրվածքով պարտքերի մարման ժամանակացույցի ներկայացում, թափուր աշխատատեղերի ներկայացում և ազատված աշխատակիցներին աշխատանքով ապահովելու հարցի լուծում:

Այս պահանջներով քննարկումներին նաիրիտցիները ցանկալի են համարում ոչ միայն էներգետիկայի նախարարության, այլև հարցին առնչվող այլ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությունը, օրինակ՝ Առողջապահության նախարարության:

Պահանջները ներկայացվելու են նաև ԱԺ-ին:

Հիշեցնենք, որ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանն օրերս խոստացել էր հանդիպում կազմակերպել նաիրիտցիների և էներգետիկայի նախախարի միջև: Նա խնդրել էր նաիրիտցիներին իրենց պահանջները հստակ ներկայացնել: