Home / Տեսանյութեր / «Եթե պարզվի, որ երեխաս արաբ է, մեկ է՝ չեմ տալու»․ առևանգման մեջ մեղադրվողը՝ դատարանում (թարմացված)

«Եթե պարզվի, որ երեխաս արաբ է, մեկ է՝ չեմ տալու»․ առևանգման մեջ մեղադրվողը՝ դատարանում (թարմացված)

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանն այսօր մերժել է Նարինե Նիկողոսյանի բողոքը, որով նա պահանջում էր վերացնել իր երեխայի առևանգման փաստի առթիվ հարուցված քրեական գործը կարճելու մասին որոշումը: Դատարանը հրապարակել է միայն որոշման եզրափակիչ մասը, հիմնավորումները կուղարկվեն հետագայում:

Խնամակալության իրավունքները ստանձնելու հարցի շուրջ դատական այսօրվա նիստին երեխայի առևանգման մեջ մոր կողմից մեղադրվող Էդիսոն Ադյանը հայտարարել է, որ պատրաստ է ԴՆԹ անալիզ հանձնել՝ պարզելու համար՝ արդյոք ինքը երեխայի կենսաբանական հայրն է: Միևնույն ժամանակ Ադյանը նշել է` անալիզ հաձնելը որևէ նշանակություն չունի։

«Եթե պարզվի, որ երեխաս արաբ է, պարսիկ է, մեկ է՝ ես եմ նրա հայրը և ոչ մեկին չեմ տալու երեխային: Ես ղարաբաղցի եմ, նրա (երեխայի մոր՝ Նարինե Նիկողոսյանի ֊ Epress.am) պաշտպանն էլ է ղարաբաղցի, ինձ ասում է՝ «ես ավելի հաստակող եմ, կրելու եմ»»,- ասել է Ադյանը դատարանում:

Նարինե Նիկողոսյանը պնդում է, որ Ադյանը, չլինելով իր երեխայի հայրը, ծննդաբերությունից հետո առևանգել է նրան: Ադյանը, իր հերթին, նշում է, որ Նիկողոսյանն է ասել, թե ինքն է հայրը, փաստաթղթերում իր անունն է նշել: Քննիչը կարճել է Ադյանի նկատմամբ քրեական գործը, սակայն այժմ դատարանում Նիկողոսյանը պահանջում է վերացնել այդ որոշումը, քանի որ քննիչ Առաքելյանը պատշաճ քննություն չի անցկացրել գործը բացահայտելու համար:

Նիկողոսյանի պաշտպան Անի Թորոսյանը դատարանում հայտարարել է, որ քննիչը դիտավորյալ չի կատարել դատագենետիկական փորձաքննություն, Նիկողոսյանին չի ճանաչել տուժող՝ նրան գործի նյութերից հեռու պահելու նպատակով, չի վերծանել Նիկողոսյանի և Ադյանի հեռախոսազանգերը, և, վերջապես, չի հարցաքննել բժիշկ Կալուստյանին: Թորոսյանը նշել է, որ անգամ մամուլն է կարողացել գտնել Կալուստյանին, նա ասել է, որ Նարինե Նիկողոսյանին հղի վիճակում անգամ չի տեսել, իսկ հեռախոսային վերծանումները ցույց են տալիս՝ Նիկողոսյանն ու Կալուստյանը պարբերաբար հեռախոսազրույցներ են ունեցել:

Այսօրվա դատական նիստի ժամանակ Ադյանը նաև հայտարարել է, որ Նարինե Նիկողոսյանը, բացի փոքրիկ Արթուրից, ունի նաև 18-ամյա աղջիկ: Ադյանն ասել է, որ խնդրում է, որ այդ երեխայի կամ Նիկողոսյանի այլ հնարավոր երեխաների ընտանիքները դիմեն իրեն, «ընտանիքներով ընկերություն կանեն»:

Դատարանը Նիկողոսյանին հարցրել է՝ արդյոք նրա նպատակն է երեխային հետ ստանալը, թե՞ Ադյանին, բժիշկ Կալուստյանին, ծննդյան վկայականը կեղծած նոտարին պատժելը:

«Ես իմ երեխային ուզում եմ ստանամ, և ճշմարտությունը բացահայտվի, որ ես Ադյանի հետ որևէ կապ չեմ ունեցել»,- պատասխանել է Նիկողոսյանը:

Դատավոր Լևոն Ավետիսյանը շարունակել է պնդել իր կարծիքը, թե կողմերը գաղտնի գործարք էին կնքել: «Ճշմարտությունն այդքան էլ հեշտ չի պարզել, եթե դուք անկեղծ չեք, Ադյանը անկեղծ չի, ու չեք ուզում ասել՝ ինչ գործարք էիք կնքել»,- ասել է Ավետիսյանը:

Լուսանկարում՝ ձախից՝ Անի Թորոսյանը, աջից՝ Նարինե Նիկողոսյանը