Home / Հայաստան / Համայնքների խոշորացում․ միլիոններ ծախսող կառավարությունը խնայում է դատարկվող գյուղերի հաշվին․ «Հրապարակ»

Համայնքների խոշորացում․ միլիոններ ծախսող կառավարությունը խնայում է դատարկվող գյուղերի հաշվին․ «Հրապարակ»

Ավելի քան երեք տարի է, ինչ համայնքների խոշորացման ծրագիրը թմբկահարվում է որպես դարի բարեփոխում, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ ընդգծելով, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք սկիզբ առած ծրագիրը ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք է կյանքի կոչվելու։

Թերթի համաձայն՝ գյուղացիների վերաբերմունքն այս փոփոխությանը միանշանակ չէ․ շատերը դժգոհում են, քանի որ բախվելու են մի գլխավոր խնդրի՝ բյուրոկրատական քաշքշուկների։ «Մի թղթի ու հարցի համար պիտի կիլոմետրեր կտրեն ու հասնեն գյուղապետարան, իսկ բազմաթիվ գյուղերում անգամ տրանսպորտ չի աշխատում, եղածն էլ շատ վատ է, էլ չենք խոսում ճանապարհների վիճակի մասին»,֊ մասնավորապես, նշում է հոդվածագիր Գայանե Սարիբեկյանը։

Տեխնիկական հարցերից բացի, սակայն, սա հանգեցնելու է նաև գործազրկության, այսինքն՝ 14 գյուղի միավորման դեպքում լուծարվելու է գյուղապետարանի աշխատակազմը։ 7֊8 գյուղ միավորվելու է մեկ համայնքում, լինելու են մեկ գյուղապետ ու միավորվող գյուղերից մեկական ներկայացուցիչ։ Խոշորացման հարցը մայիսի 17֊ին հանրաքվեի կդրվի Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերի մի շարք գյուղերում՝ պարզելու համար, թե բնակիչները համաձա՞յն են արդյոք խոշորացմանը։

Թերթն ընդգծում է, որ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը երեկ կառավարության նիստից հետո հարցին, թե արդյոք խոշորացումն արվում է խնայողություննե՞ր անելու նպատակով, դրական պատասխան է տվել՝ նշելով, որ ծրագրի արդյունքում մոտավորապես 50֊60 տոկոս դրամական խնայողություն կլինի։

«Այսինքն՝ խիստ սրտացավ կառավարությունը, որի պաշտոնական այցերը, միջոցառումները մի քանի տասնյակ միլիոններ են կազմում, որոշել է խնայողություն անել մի քանի հարյուր բնակչություն ունեցող գյուղապետարանների բյուջեի հաշվին՝ դրանք լուծարելով»,֊ ընդգծում է հոդվածագիրը։

Թերթի թղթակիցը զրուցել է նաև միավորվողների թվում գտնվող Լոռու մարզի Քարինջ գյուղի գյուղապետի հետ՝ հետաքրքրվելով՝ լա՞վ է, թե՞ վատ համայնքների խոշորացումը։ Գյուղապետ Նորիկ Մկրտումյանը, ով զրկվելու է պաշտոնից, նշել է, որ խոշորացումը կարող է նաև դրական արդյունքներ տալ։ «Դե, դրա նպատակը համայնքների զարգացումն է, աշխատանք էլ չենք ունենա, ուրիշ բանով կզբաղվենք՝ մեր տնտեսությամբ, հո է՞դ աշխատանքը չէր մենակ»,֊ մասնավորապես, ասել է նա։

Հարցին, թե ինչպե՞ս է խոշորացումը հանգեցնելու համայնքի զարգացմանը, Մկրտումյանը պատասխանել է․ «Դե, շատ պրոբլեմներ կան, աստիճանաբար կլուծվեն, ջրագծի, ճանապարհի վերանորոգում կանեն»։ Գյուղացիների դժգոհությանն անդրադառնալով՝ գյուղապետը հավելել է․ «Բնակիչները տեղեկանքներ տանել֊բերելուց են դժգոհում, գնալ֊գալուց, հենց կոնկրետ մեր գյուղը Դսեղի հետ է, համայնքի ղեկավարին դիմելուց 10֊20 կիլոմետր են գնալու»։

«Փաստորեն, կառավարությունն իր հաճույքների վրա միլիոններ է վատնում պետբյուջեից, իսկ խնայելու փորձերն արվում են դատարկվող ու հեռավոր գյուղերի բնակիչների հաշվին»,֊ եզրափակում է թերթը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում