Home / Տեսանյութեր / Հյուսիսային պողոտայի հին շենքերի բնակիչներին ուզում են տեղահանել ԴԱՀԿ֊ի օգնությամբ

Հյուսիսային պողոտայի հին շենքերի բնակիչներին ուզում են տեղահանել ԴԱՀԿ֊ի օգնությամբ

Տերյան 23, 25 և Լալայանց 37 շենքերի 15 բնակիչներ նամակներ են ստացել այն մասին, որ իրենց բնակարանները չեն կարող վաճառել ոչ մեկին, բացի «Լոքալ Դեվելոփըրզ» ընկերությունից: Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնության անդամ, Տերյան 23 շենքում բնակվող Վարդան Գերավետյանը (լուսանկարում)՝ նշելով, որ իրենց չի գոհացնում այդ տարբերակը: Ընկերությունն առաջարկում է կամ շուկայականից 2,5 անգամ ցածր գին վճարել, կամ հարևանությամբ կառուցված նոր շենքում բնակարաններ։ Գերավետյանն ընդգծել է, որ երկրորդ տարբերակն էլ իրենց չի գոհացնում, քանի որ շենքային պայմանները լավը չեն։

2002 թվականի ՀՀ կառավարության որոշմամբ՝ ներկայիս Հյուսիսային պողոտայի տարածքում գտնվող Տերյան 23, 25, Լալայանց 37 շենքերի տարածքը ճանաչվել է հանրային գերակա շահի գոտի, և «Լոքալ դեվելոփըրզն» այդ վայրում կառուցապատման իրավունք է ստացել։

Բնակիչները 2007 թվականից սկսել են պայքարել իրենց սեփականության իրավունքի համար։ Սկզբում նրանք պահանջում էին, որ շենքերը երեսպատեն՝ համապատասխանեցնելով նորակառույց Հյուսիսային պողոտայի ընդհանուր տեսքին: 2013 թվականի օգոստոսի 29-ին, սակայն, կառավարության որոշմամբ շենքերը 4-րդ անգամ ներգրավվել են իրացման գործընթացի մեջ, որի վերջնաժամկետ էր սահմանվել 2015-ի հունվարի 1-ը։

Վարդան Գերավետյանի խոսքով՝ այժմ «Լոքալ դեվելոփըրզ» ընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանը, ով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմներից է, դիմել է դատարան՝ պահանջելով որոշում կայացնել, համաձայն որի ԴԱՀԿ աշխատակիցները կստիպեն բնակիչներին լքել իրենց բնակարանները։

«Մեր քաղաքը» նախաձեռնության անդամը նշել է, որ տեղահանումը կանխելու համար իրենք բողոքի ակցիաների նոր ալիք են սկսել: Վաղը բողոքի ակցիա կանցկացվի նաև հենց դատարանի շենքի դիմաց: Բնակիչները նաև իրենց պահանջները ներկայացնող նամակներ են պատրաստել, որոնք կուղարկվեն ԱԺ խմբակցություններին:

Բնակիչները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում, որոնք, սակայն, առայժմ արդյունք չեն տվել։

Նշված շենքերը Հյուսիսային պողոտայի վերջին հին կառույցներից են։ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք տվյալ ամբողջ տարածքը ճանաչվել է հանրային գերակա շահ, և այդ հատվածում բնակվող շենքերի և տների բնակիչների մեծ մասը բռնի կերպով տեղահանվել է։ Նրանք հրաժարվում էին լքել իրենց տները՝ դժգոհելով փոխհատուցման չափից, որը մի քանի անգամ ավելի ցածր է եղել, քան Երևանի կենտրոնում տարածքների գինն էր։