Home / Հայաստան / Պերմյակովը Հայաստանին հանձնման ենթակա չէ․ ՌԴ դատախազություն

Պերմյակովը Հայաստանին հանձնման ենթակա չէ․ ՌԴ դատախազություն

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովը ենթակա չէ հանձնման Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին, քանի որ հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։ Այս մասին ասված է ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակ֊պահանջի պատասխանում։

«Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազությունը քննության է առել շարքային զինծառայող Վ․Պ․ Պերմյակովին հայաստանյան իրավապահներին հանձնելու վերաբերյալ Ձեր դիմումը։

Հայտնում ենք, որ ՌԴ Սահմանադրության 61֊րդ հոդվածի ու Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին 22.01.1993 թ. կոնվենցիայի 57֊րդ հոդվածի համաձայն՝ Վ․Պ․ Պերմյակովը ենթակա չէ հանձնման Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին, քանի որ հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։

Ներկայումս, համաձայն Ռուսաստանի Դաշնության ու Հայաստանի Հանրապետության միջև գոյություն ունեցող միջազգային համաձայնագրերին, ռուսաստանյան ու հայաստանյան իրավասու մարմինները սերտ համագործակցություն են իրականացնում՝ ուղղված գործի օբյեկտիվ քննությանը»,֊ ասված է ՌԴ դատախազության իրավական օգնության վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Ե․Բ․ Ստեպանովայի կողմից ստորագրված պատասխանի մեջ։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը նամակ֊պահանջ էր ուղղել Վլադիմիր Պուտինին, մասնավորապես, գրելով․ «Ստեղծված իրավիճակում՝ խուսափելով միջպետական հարաբերությունների առճակատումից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ու ողջ աշխարհի հայությունն ակնկալում է Ձեր ողջամիտ որոշումը՝ վերականգնելու օրինականությունն ու Հայաստանի Հանրապետության իշխանություններին անհապաղ հանձնելու առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին»։

Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը մեղադրվում է հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ։ Համաձայն պաշտոնական վարկածի, հունվարի 13-ին Պերմյակովի գտել էին ռուսաստանցի սահմանապահները հայ֊թուրքական սահմանի մոտ և հանձնել ռուսական ռազմաբազայի վերահսկողության ներքո։ Այդ փաստը բողոքի ալիք էր բարձրացրել Գյումրիում, հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել՝ պահանջելով Պերմյակովին հանձնել ՀՀ իրավասու մարմիններին։