Home / Տեսանյութեր / ՆԱՏՕ֊ն, Չինաստանը և Հայկական հարցը․ Թուրքիան նոր ուղի՞ է փնտրում

ՆԱՏՕ֊ն, Չինաստանը և Հայկական հարցը․ Թուրքիան նոր ուղի՞ է փնտրում

Թուրքիայում երկրի ղեկավարության որոշումը հրթիռային համակարգեր գնել Չինաստանից կապում են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ։ Ստեղծված իրավիճակի մասին Today's Zaman կայքի իր սյունակում գրել է քաղաքագետ Գյոքհան Բաջըքը։

«Թուրքիան հայտարարել է Չինաստանից հրթիռային համակարգ գնելու իր մտադրության մասին, ինչը զգալիորեն մտահոգել է ՆԱՏՕ֊ին։ Հայտնի փաստ է, որ ՆԱՏՕ֊ն չի ընդունի չինական համակարգի ինտեգրումն իր կառույցին։ Երկար ժամանակ թուրք պաշտոնյաները պնդում էին, որ անհրաժեշտ ծրագրային գիտելիքներ ունեն Չինաստանի ու ՆԱՏՕ֊ի հրթիռային համակարգերն ինտեգրելու համար։ Ոչ ոք, սակայն, դրան չէր հավատում։ Ինչպե՞ս կարող է երկիրը, որն ի վիճակի չէ հրթիռային համակարգի որևէ մաս արտադրել, մշակել ծրագիր, որն ինտեգրում է երկու շատ բարդ համակարգեր։

Վերջերս Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն ասաց․ «Չինական համակարգը չի ինտեգրվելու ՆԱՏՕ֊ի համակարգին»։ Սա նույնքան տարօրինակ պնդում է, որքան՝ ինտեգրելու մասին նախորդ հայտարարությունը։ Կարո՞ղ է ինչ֊որ մեկն անկեղծորեն հավատալ պետության կողմից չինական ու ՆԱՏՕ֊ի պաշտպանական համակարգերի միաժամանակյա տեղակայման հնարավորությանը։ Այնուամենայնիվ, Յըլմազը հայտարարել է, որ չինական համակարգը կինտեգրվի Թուրքիայի ազգային պաշտպանական համակարգին ու, հետևաբար, կօգտագործվի ՆԱՏՕ֊ի համակարգից անկախ։

Պետք է խոնարհվել նման հանճարեղ լուծման առջև․ Թուրքիան երկու հսկայական, մրցակից պաշտպանական համակարգերը միաժամանակ տեղակայելու կամ, առնվազն, չինական պաշտպանական համակարգն իր սեփականին ինտեգրելու ճանապարհ է հայտնաբերել։ Ինչպե՞ս է, որ որևէ այլ պետություն այս փայլուն ռազմավարության մասին չէր մտածել։ Կա երկու զգալի խնդիր։ Առաջինը, ինչո՞ւ է ՆԱՏՕ֊ն Թուրքիային՝ իր դաշնակցին, թույլ տալիս չինական տեխնոլոգիա ներդնել նման ճգնաժամային տարածքում։ Երկրորդը, արդյո՞ք տեխնիկապես հնարավոր է ինտեգրել չինական ու թուրքական համակարգերը։

Մինչդեռ, լրագրող Սերվեթ Յանաթման պնդում է, որ Անկարան ցանկանում է հրթիռի հարցն օգտագործել 1915 թվականի դեպքերի վերաբերյալ ԱՄՆ֊ի ու Ֆրանսիայի հայտարարությունները զսպելու նպատակով։ Այսինքն, Անկարային հստակ հայտնի չէ հարցի վերաբերյալ ԱՄՆ֊ի դիրքորոշումը, որը կպարզվի ապրիլին, ուստի, չինական հրթիռային համակարգը պահվում է սեղանի վրա՝ որպես ԱՄՆ֊ի ու Ֆրանսիայի դեմ լուրջ խաղաքարտ։ Փաստն այն է, որ երկու երկրներն էլ ցանկանում են իրենց հրթիռային պաշտպանական հակամարգերը վաճառել Թուրքիային։ Փորձագետների գնահատմամբ՝ նման նախագծի ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 3․5 միլիարդ դոլար։ Չնայած՝ ոչ ԱՄՆ֊ն, ոչ Ֆրանսիան տրամադրված չեն փոխել իրենց դիրքորոշումը Հայկական հարցի վերաբերյալ, 3․5 միլարդ դոլարը կարող է նրանց մտածելու տեղիք տալ։

Ճակատագրի հեգնանքով, Հայկական հարցը Թուրքիայի ու Արևմուտքի միջև շահութաբեր լոբբիստական բիզնես է դարձել։ Ամեն տարի, Թուրքիան զգալի գումարներ է ծախսում՝ փորձելով թույլ չտալ երկրներին Հայկական հարցի վերաբերյալ այնպիսի օրակարգ ընդունել, որը կարող է բացասական հետևանքներ ունենալ Թուրքիայի համար։ Ավելին, մի շարք այլ անտեղի հարցեր, ինչպես, օրինակ, հրթիռային պաշտպանական համակարգը, ինչ֊որ կերպ կապվել են Հայկական հարցին։

Այսօր, Թուրքիայի հարաբերություններն Արևմուտքի հետ ճգնաժամ են ապրում։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսլամիզմի բրենդը Թուրքիային նոր ընթացք է հաղորդում։ Կարո՞ղ է արդյոք Էրդողանը վերանայելիս լինել ՆԱՏՕ֊ի հետ Թուրքիայի հարաբերությունները։ Կարծում եմ՝ այո։ Թուրքիայի իսլամիստները ՆԱՏՕ֊ն այսօր տեսնում են որպես անհրաժեշտություն, այլ ոչ թե գաղափարական ընտրություն։ Եթե կարողանան, այս իսլամիստները ՆԱՏՕ֊ի հետ Թուրքիայի հարաբերությունները հարցականի տակ կդնեն։ Այս տեսանկյունից, հրթիռային պաշտպանական համակարգը նաև լակմուսի թուղթ է։ Արդյո՞ք Թուրքիան զերծ կմնա ՆԱՏՕ֊ի հետ կենսական կարևորություն ունեցող իր հարաբերությունները վտանգելուց։

Թույլ տվեք հստակեցնել կարծիքս։ Այսօր Թուրքիայի շարունակական հարաբերությունները Արևմուտքի ու, հատկապես, ՆԱՏՕ֊ի հետ, այնպիսին են, ինչպիսին՝ կան, քանի որ Անկարային չի հաջողվել այլընտրանքային ուղի ստեղծել։ Արևմուտքում շատերը դեռ կարծում են, որ Անկարան չի վտանգի իր էական կապը ՆԱՏՕ֊ի հետ, բայց դա ողջամիտ հեռանկար չէ։ Թուրքիան այսօր ղեկավարվում է մի խումբ մարդկանց կողմից, որոնք Արևմուտքի հետ հարաբերությունների հետ հույսեր չեն կապում։ Հրթիռային պաշտպանական համակարգի վերաբերյալ Անկարայի՝ Չինաստանի հետ բռնած գործը ցույց է տալիս, թե ինչպես են մշակվում Թուրքիայի նոր ուղիները»։