Home / Տեսանյութեր / 5000 դրամ տուրք՝ կենդանի պահելու համար. քաղաքացիները որոշումը հաշվեհարդար են որակում

5000 դրամ տուրք՝ կենդանի պահելու համար. քաղաքացիները որոշումը հաշվեհարդար են որակում

Այս տարվա սկզբից մի շարք քաղաքացիներ ստացել են Երևանի տարբեր վարչական շրջանների ղեկավարների կողմից ստորագրված ծանուցումներ այն մասին, որ իրենք պետք է տարեկան 5000 դրամի չափով տուրք վճարեն տնային պայմաններում կենդանի պահելու համար: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է քաղաքացի Քրիստինա Ղևոնդյանը, ով մասնակցում էր այսօր Կառավարության շենքի մոտ կայացած բողոքի ակցիային:

Նրա խոսքով՝ նման ծանուցումներ ստացել են անգամ մարդիկ, ովքեր այս պահին ընտանի կենդանի չունեն: Վճարումները պարտադիր պետք է արվեն մինչև տարեվերջ:

«Առաջարկվում է ընտանի կենդանի պահելու համար թույլտվություն ստանալու նպատակով դիմել Երևանի Կենտրոն վարչական շրջանի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժին ու ընթացիք տարվա համար սահմանված 5000 ՀՀ դրամը վճարել համապատասխան հաշվարկային հաշվին»,-ասված է ծանուցման մեջ:

Ղևոնդյանը նշել է, որ այդ օրենքը ուժի մեջ է մտել 2011 թվականից, բայց այն չի պարտադրվել: Ղևոնդյանի և մյուս մասնակիցների կարծիքով՝ սա շանտաժի միջոց է:

«Ուզում են ասել, սուս մնացեք՝ դուք անօթևան կենդանիների համար էիք պայքարում, դե գնացեք ձեր կենդանիների համար վճարեք»,-ասել է Ղևոնդյանը:

Քաղաքացին հիշեցրել է, որ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները քաղաքապետարանին «անհանգստացրել են» անօթևան շների հիմնահարցով, մասնավորապես, դատապարտելով «Յունիգրաֆ» ընկերության (թափառող կենդանիների վնասազերծման և ստերիլիզացման ծառայություն) կողմից անօթևան շներին տանջամահ անելու պրակտիկան:

«Քաղաքապետարանը դեկտեմբերի 24-ին հայտատարարեց, որ «Յունիգրաֆը» լուծարվել է: Հայտարարեցին, որ խնդրի առնչությամբ կլինեն ազատ լսումներ, և կենդանասերերը ևս կարող են մասնակցել: Փետրվարի 3-ին պետք է լիներ, ժամը 3-ին: Մենք հավաքվեցինք քաղաքապետարանի մոտ, մեզ 3-ին 15 պակաս զանգեցին, ասացին՝ [թափառող կենդանիների ստերիլիզացման քաղապետարանի հայտարարած] տենդերը չի լինելու, մի եկեք: Բայց մենք էս երկու օրը իմացել ենք, որ տենդերը եղել է, և նորից շահել է «Յունիգրաֆը»»,-պատմել է նա:

Հիմնահարցով անհանգստացած քաղաքացիների հետ շփվում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետի տեղակալ Ալֆրեդ Հունանյանը: Ղևոնդյանի փոխանցմամբ՝ Հունանյանն ասում է, որ ընտանի կենդանիների համար հարկեր կա շատ երկրներում, և շատ բարձր հարկ, օրինակ, Իտալիայում:

«Այնտեղ [Իտալիայում] կետեր կան, որ գումարը գնալու է անօթևան կատուների և շների կացարանների բարելավման, կենդանիների վիրահատման, կերի համար: Իսկ մեզ չի ասվում՝ ոնց է սահմանվել հենց 5000 դրամ, ուր է գնալու այդ գումարը»,- ասել է Ղևոնդյանը: