Home / Հայաստան / «Շահութահարկի մասին» օրենքը փոխում են ի շահ ցեմենտ արտադրողների․ «168 ժամ»

«Շահութահարկի մասին» օրենքը փոխում են ի շահ ցեմենտ արտադրողների․ «168 ժամ»

ՀՀ կառավարությունը «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու գործընթացը նախաձեռնել է ի շահ Հայաստանում ցեմենտ արտադրող ընկերությունների։ Այս մասին գրում է «168» ժամ պարբերականը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Նշենք, որ ՀՀ կառավարությունը Ազգային ժողովին առաջարկել է փոխել «Շահութահարկի մասին» օրենքը՝ 50 միլիարդ դրամ և ավել ապրանք արտահանողների շահութահարկը հաշվարկելով ոչ թե 10, այլ 2 տոկոս։

«168 ժամ»֊ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները պայմանավորվածություն են ձեռք բերել ռուսաստանցի մի խոշոր գործարարի հետ շինանյութերի բնագավառում ուժերը համախմբելու և 50 մլրդ դրամի արտահանում իրականացնելու շուրջ:

«Հենց այդ նպատակի համար էլ մշակվել են «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխությունները: Ըստ ամենայնի, խոսքը վերաբերում է ցեմենտի արտադրությանը: Հայաստանում ցեմենտ արտադրող երկու գործարաններն էլ` թե Հրազդանի ցեմենտի գործարանը, թե «Արարատցեմենտը», այսօր մեծամասամբ պարապուրդի են մատնված պահանջարկ չլինելու պատճառով: Եվ ահա, ռուսաստանցի գործարարը ստանձնելու է երկու գործարանների պայմանագրային կառավարումն ու ապահովելու է դրանց արտադրանքի արտահանումը», – գրում է թերթը։

Նշենք, որ Հրազդանի ցեմենտի գործարանը պատկանում է գործարար Միխայիլ Բաղդասարովին, իսկ «Արարատցեմենտի» սեփականատերը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն է։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում