Home / Տեսանյութեր / ԱԺ֊ն կարհամարհեր եզդիների խնդիրը, եթե վերջիններս չբողոքեին․ զրույց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ֊ն կարհամարհեր եզդիների խնդիրը, եթե վերջիններս չբողոքեին․ զրույց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եզդիական համայնքի ներկայացուցիչները պատրաստ են բողոքի ակցիաներ կազմակերպել, եթե Ազգային ժողովը չներառի Օսմանյան կայսրությունում եզդիների ցեղասպանության հարցն ԱԺ ներկայացված օրինագծի մեջ կամ եզդիների ցեղասպանությանը վերաբերող առանձին օրինագիծ չմշակի։ Այս մասին Epress.am֊ի ստուդիայում ասել է «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին։

Անցյալ տարի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած հայտարարության նախագծում եզդիների ցեղասպանության մասին նշված է եղել, սակայն արդեն այս տարի ՀՀ ԱԺ ներկայացված ՀՀԿ֊ականների օրինագծում եզդիները հիշատակված չեն։ Նշենք, որ եզդիական համայնքի ներկայացուցիչները երկուշաբթի ԱԺ֊ի մոտ մեկ բողոքի ակցիա արդեն անցկացրել են։

Մուրազին ընդգծել է, որ այսօր ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի հետ կայացած հանդիպման ժամանակ բարձրաձայնել են խնդիրը՝ առաջարկելով իրենց աջակցությունը օրինագծի հեղինակներին։ Մասնավորապես, անդրադառնալով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի այն խոսքերին, թե օրինագծի հեղինակները բավարար փաստաթղթեր չեն ունեցել Օսմանյան կայսրությունում եզդիների հետ տեղի ունեցածը ցեղասպանություն որակելու համար, Բորիս Մուրազին նշել է, որ իրենք համապատասխան արխիվային փաստեր կներկայացնեն։ Եզդիական համայնքի ներկայացուցչի խոսքով՝ ԱԺ֊ն անդրադարձ չի կատարել այսօր Իրաքում տեղի ունեցող եզդիների ցեղասպանությանը, չնայած դրա վերաբերյալ բազմաթիվ փաստեր և վկայություններ կան։

Հանդիպման ընթացքում Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ, բացի ԱԺ ներկայացված օրինագծից, որում խոսվում է Օսմանյան կայսրությունում ասորիների և հույների ցեղասպանության մասին, քննարկվում է նաև եզդիների ցեղասպանության վերաբերյալ նախագիծը, որի հեղինակները դեռ չեն կողմնորոշվել, թե ինչպես որակել եզդիների նկատմամբ Օսմանյան կայսրությունում իրականացված բռնությունները՝ որպես ցեղասպանություն, թե կոտորած։ Մուրազին նշել է, որ իրենք պատրաստակամ են համագործակցել ԱԺ ներկայացուցիչների հետ, սակայն «եթե մեր գլխի տակ փափուկ բարձ դնեն», և օրինագիծը չընդունվի, ապա իրենք բողոքի ակցիաներ կկազմակերպեն՝ հետևողականորեն պաշտպանելով եզդիական համայնքի իրավունքները։

«Սինջարի» ներկայացուցիչն ասել է, որ տվայլ խնդիրը, ինչպես շատ այլ խնդիրներ Հայաստանում, մոռացության կմատնվեր և քննարկման առարկա չէր դառնա, եթե իրենք բողոքի ձայն չբարձրացնեին։