Home / Տեսանյութեր / ԼՂՀ֊ում սպան մահացել է ծառայակցի արձակած կրակոցներից․ աղբյուր (թարմացված)

ԼՂՀ֊ում սպան մահացել է ծառայակցի արձակած կրակոցներից․ աղբյուր (թարմացված)

Փետրվարի 10-ին՝ ժամը 19:55-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 24-ամյա Տիգրան Սիմոնյանը: Այս մասին հաղորդում է ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը՝ առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու։

Armtimes.com կայքի տեղեկություններով, Սիմոնյանը մահացել է ծառայակցի արձակած կրակոցներից: Երկուսն էլ կոչումներով ավագ լեյտենանտ են: Ծառայակցի անունը չի նշվում։ Կայքը գրում է, որ զոհված զինծառայողը Վանաձորի բնակիչ էր։

ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Սիմոնյանը սպանվել է մարտական հերթապահության կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցներից։ Խախտումը կատարած անձի անունը նշված չէ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ)։