Home / Տեսանյութեր / Լրագրողները գաղտնազերծել են Գարեգին Բ֊ի հաշիվը HSBC բանկում

Լրագրողները գաղտնազերծել են Գարեգին Բ֊ի հաշիվը HSBC բանկում

HSBC բանկի գաղտնազերծված փաստաթղթերում հիշատակվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ֊ի անունը։

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) ներկայացրել է «Շվեյցարական արտահոսքեր» (Swiss Leaks) նախագիծը, որը հրապարակել է HSBC բանկի ավելի քան 100,000 հաճախորդների մասին մանրամասներ տրամադրող գաղտնազերծված փաստաթղթեր 1988 թվականից մինչև 2007 թվականը։ 

HSBC֊ի ներքին փաստաթղթերը վերաբերում են 203 երկրների 106,000 հաճախորդներին պատկանող ավելի քան 100 միլիարդ դոլարին։

Երկրների շարքում Հայաստանը ամենախոշոր դոլարային հաշիվներ ունեցող երկրների թվում 146֊րդն է։ Հայաստանի հետ առնչվող մեկ հաճախորդի առավելագույն գումարը կազմել է 5․8 միլիոն դոլար։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի հետ կապ ունեն 10 հաճախորդներ, որոնց 40 տոկոսն ազգությամբ հայ է կամ ունի ՀՀ անձնագիր։ Նրանց հաշիվների ընդհանուր գումարը կազմել է 15.4 միլիոն դոլար։ Հաշիվների հայաստանցի տերերի անունները նշված չեն մեկ բացառությամբ։

HSBC֊ի գաղտնազերծված փաստաթղթերի համաձայն՝ Հայաստանից հաճախորդների թվում է Գարեգին Բ կաթողիկոսը, ով բանկի հաճախորդների ցուցակում առաջին անգամ հայտնվել է 2000 թվականին։ Նա առնչվում է «Նորին Սրբություն Գարեգին Բ Ներսես» անունով հաշվի հետ, որի վրա 2006֊2007թթ֊ին եղել է շուրջ 1․1 միլիոն դոլար։ Արտահոսքը չի հստակեցրել, թե Գարեգին Բ֊ն այդ հաշվի հետ կոնկրետ ինչ կապ է ունեցել։

ICIJ֊ն զրուցել է Մայր Աթոռի խոսնակի հետ, ով ընդգծել է, որ տվյալ հաշիվը բացվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ֊ին նախորդած կաթողիկոսի կողմից «Եկեղեցու ու դրա բարեգործությունների համար»։ «Այդ հաշիվը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ֊ին փոխանցվել է նույն նպատակներով օգտագործվելու համար։ Կաթողիկոսությունը ազգային կրոնական կառույց է ու ենթակա չէ հարկման, իսկ Նորին Սրբությունը ունի անձեռնմխելիություն ցանկացած հարկերից»,֊ ասել է Կոնսորցիումի զրուցակիցը։