Home / Հայաստան / Փաշինյանն առաջարկում է պատվիրակություն ուղարկել Ղարաբաղ՝ բռնության դեպքը քննարկելու համար

Փաշինյանն առաջարկում է պատվիրակություն ուղարկել Ղարաբաղ՝ բռնության դեպքը քննարկելու համար

Այսօր Ազգային ժողովում մեկնարկած քառօրյան սկսվել է Լեռնային Ղարաբաղում «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամների նկատմամբ կիրառված բռնության անդրադարձով։

«Հրեշավոր դեպք է տեղի ունեցել Բերձորում, կարծում եմ՝ դա լրջագույն հարված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը։ Չափազանցություն չի լինի ասել, որ կատարվածից հետո հասարակությունը գտնվում է շոկի մեջ»,- դեպքի առնչությամբ հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Նա առաջարկել է ԱԺ ներկայացուցչական պատվիրակություն ստեղծել և մեկնել Ստեփանակերտ՝ կատարվածը ԼՂՀ պատգամավորների հետ քննարկելու նպատակով:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հորդորել է պատգամավորներին հայտարարություններ անել բացառապես օրակարգում ընդգրկված հարցերի մասին:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, սակայն, անդրադառնալով Փաշինյանի հարցադրմանը, ասել է. «Մինչև այդ ես կփորձեմ քննարկել հարցը իմ գործընկերոջ հետ՝ ԼՂՀ խորհրդարանի նախագահի հետ: Կարծում եմ՝ միջադեպի առիթով Ղարաբաղի պատկան մարմինները զբաղվում են, կփորձեմ ինֆորմացիա հավաքել, և կպատասխանեմ ձեր հայտարարությանը»:

Նշենք, որ հունվարի 31-ին Լաչինում (Բերձոր) ԼՂՀ ոստիկանության ներկայացուցիչները և քաղաքացիական հագուստով անձինք ծեծի են ենթարկել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին, ովքեր ավտոերթ են կազմակերպել դեպի Լեռնային Ղարաբաղ։ Հարձակվողները նաև ջարդել են երթի մասնակիցների մեքենաները։