Home / Տեսանյութեր / Կառավարության որոշումը բավարար չէ․ ձեռներեցները շարունակում են բողոքել

Կառավարության որոշումը բավարար չէ․ ձեռներեցները շարունակում են բողոքել

«Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ պայքարող ձեռներեցներն այսօր հերթական բողոքի ակցիան են անցկացնում՝ այս անգամ Ազգային ժողովի շենքի դիմաց։ Նրանք հավաքվել են անգամ շաբաթ օրը ՀՀ կառավարության արտահերթ նիստում կայացրած որոշումից հետո, համաձայն որի օրենքում առկա պարտադիր փաստաթղթավորման մասին կետի կիրառումը հետաձգվել է մինչև 2015 թվականի հուլիսի 15֊ը։

Epress.am֊ի լրագրողի հետ զրույցում ձեռներեցներից մեկը նշել է, որ իրենց չի բավարարում նման քայլը, քանի որ իրենց պահանջն է օրենքի գործողության վերջնական կասեցումը։ Ակցիայի մասնակիցը հիշեցրել է, որ անցյալ տարի օրենքի գործողությունը ևս հետաձգեցին  մինչև այս տարվա փետրվարի 1-ը, սակայն օրենքում որևէ փոփոխություն չարեցին։

«Ի՞նչ է մենք պետք է սեզոնային հավաքվենք, ակցիա անե՞նք», ֊ ասել է բողոքողներից մեկը։

Ձեռներեցներին նաև դուր չի եկել շաբաթ օրվա նիստին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությունը, որ որոշ ոլորտների համար, օրինակ, ոսկու առևտրով զբաղվողների, օրենքը կարող է վերանայվել։ Բողոքողների խոսքով՝ իշխանությունը նպատակ ունի այդպիսով մասնատել բողոքողներին, որպեսզի հաջորդ ակցիաների ընթացքում ավելի քիչ մարդ հավաքվի։

Շրջանառության մասին հարկի դեմ բողոքողներն ակցիաները սկսել են 5 ամիս առաջ, ապա ժամանակավորապես կասեցրել դրանք այն բանից հետո, երբ կառավարությունը մինչև 2015-ի փետրվարի 1-ը հետաձգել է օրենքով նախատեսված ապրանքների պարտադիր գույքագրման պահանջը։ Ակցիաները վերսկսվել էին հունվարի երկրորդ կեսին, քանի որ ՀՀ կառավարությունը հրաժարվել էր օրենքում այլ փոփոխություններ մտցնել։

Անցյալ տարվա ակցիաների ընթացքում առևտրով զբաղվողները նշում էին, որ հնարավորություն չունեն գույքագրել ողջ ապրանքը, քանի որ խոշոր մատակարարները հաճախ նրանց չեն տրամադրում հաշիվ-ապրանքագրեր, բացի դրանից, ապրանքը գույքագրելու դեպքում իրենց շրջանառությունն անցնելու է օրենքով նախատեսված նվազագույն շեմը՝ 58.3 միլիոն դրամը, որից հետո նրանք ստիպված են լինելու ԱԱՀ վճարել, ինչն էլ անհնար է դարձնում փոքր և միջին ձեռնարկատերերի հետագա աշխատանքը: Նրանցից ոմանք պահանջում էին կտրուկ բարձրացնել շեմը, մյուսները՝ ընդհանրապես չեղյալ համարել նոր օրենքը:

Մասնավորապես, ոսկու առևտրի ոլորտում աշխատողներն ընդգծել են, որ նոր օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո իրենք ստիպված կլինեն անմիջապես դադարեցնել գործունեությունը։

Որոշ փորձագետներ նշել են, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի ներմուծումը Հայաստանում կվերացնի փոքր և միջին ձեռնարկատիրությունը, մինչդեռ կառավարության անդամները պնդում են, թե իրենք նպատակ ունեն խոշոր բիզնեսում ստվերի դեմ պայքարել և չեն պատրաստվում չեղյալ համարել օրենքը։