Home / Տեսանյութեր / Վերաքննիչը վկաներին խոսք չտվեց և անփոփոխ թողեց զոհված զինծառայողի գործով վճիռը

Վերաքննիչը վկաներին խոսք չտվեց և անփոփոխ թողեց զոհված զինծառայողի գործով վճիռը

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է զոհված շարքային զինծառայող, 19-ամյա Սարգիս Սահակյանի իրավահաջորդների և գործով մեղադրյալ կողմի բերած վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի վճիռը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Սարգիս Սահակյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը (լուսանկարում):

Նրա խոսքով՝ վերաքննիչ դատարանի այն կազմը, որը քննել է Սարգիս Սահակյանի գործը, արդեն անփոփոխ էր թողել 3 այլ աղմկահարույց բանակային գործերով վճիռները՝ մերժելով Արտակ Նազարյանի, Թորգոմ Սարուխանյանի, Ալբերտ Ադիբեկյանի իրավահաջորդների բերած վերաքննիչ բողոքները:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Ռուբեն Մարտիրոսյանը դեռ վերաքննիչում վարույթի սկզբին բացարկ էր հայտնել դատարանի կազմին՝ Կարինե Ղազարյանին, Հենրիկ Տեր-Ադամյանին, Գրիշա Մելիք-Սարգսյանին։ Միջնորդությոնը չէր ընդունվել:

Դատարանի կազմի նկատմամբ վստահությունը, սակայն, փոքր-ինչ վերականգնվել էր, երբ այն ընդունել էր մեղադրող դատախազ Մայիլյանին բացարկ հայտնելու միջնորդությունը: Մարտիրոսյանի խոսքով՝ դատարանի հետագա գործողություններից պարզ դարձավ, որ այդ միջնորդությունը բավարարելն աչքերին թոզ փչել էր, քանի որ դրան չի հետևել քննիչի դեմ քրեական գործ հարուցելու գործընթացը:

«Քննիչին հեռացնելուց հետո դատարանը պետք է նյութեր ուղարկեր Գլխավոր դատախազություն: Քննիչ Մայիլյանը կատարել է բազմաթիվ հանցագործություններ, այդ թվում՝ հանցավոր կերպով փոխել է սպանության զենքը»,- ասել է իրավապաշտպանը:

Հիշեցնենք, որ թեև գործը քննվում էր վերաքննության կարգով, դատարանը թույլ չի տվել հարցաքննել գործով վկա Գոռ Մարգարյանին, ով վերաքննիչի դահլիճում խնդրում էր լսել իրեն:

«Եթե Գոռ Մարգարյանը ցուցմունք տար, առնվազն 30 պետական պաշտոնյաների նկատմամբ քրեական գործ պետք է հարուցվեր»,- ասել է Ռուբեն Մարտիրոսյանը:

Նա հիշեցրել է, որ Սարգիս Սահակյանի մահը ինքնասպանություն որակելու, երկու զինվորների նկատմամբ մեղադրանք առաջադրելու համար հենց Մարգարյանին են ստիպել սուտ ցուցմունք տալ: Այժմ Մարգարյանը հայտարարում է, որ ինքը ցուցմունքը գրել է Ռազմական ոստիկանությունում իր նկատմամբ կիրառած ճնշումների պատճառով: Վկա Գոռ Մարգարյանի նկատմամբ ճնշումները շարունակվել են նաև առաջին ատյանի դատարանում, որտեղ դատախազը հրապարակայնորեն անարգել է նրան:

Համաձայն առաջին ատյանի դատարանի վճռի` երիտասարդի ծառայակիցներ Արթուր Միսակյանը (ստացել է 4 տարի) և Արտաշես Խաչատրյանը (ստացել է 4,5 տարի) նրան ինքնասպանության են հասցրել։