Home / Տեսանյութեր / Ձեռնարկատերերը սպասում են պատասխանի, որ որոշեն անելիքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ձեռնարկատերերը սպասում են պատասխանի, որ որոշեն անելիքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր ժամը 11.00-ին փոքր և միջին ձեռնարկատերերը հերթական անգամ հավաքվել են Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով «Շրջանառության հարկի մասին» օրենքի կասեցման վերաբերյալ վերջնական պատասխան: Ձեռնարկատերերը լրագրողներին ասել են, որ վիրավորված են կառավարության անտարբերությունից և այժմ պատրաստ են լսել «ինչ-որ պատասխան», թեկուզ բացասական, որից հետո կորոշեն իրենց հետագա անելիքները։

Ձեռնարկատերերի ակցիային այսօր միացել են նաև Կայարանի շուկայում աշխատողները: Ձեռներեցները վանկարկում էին՝ «Հովիկ, դուրս արի»: Ակցիայի մասնակիցներից մեկը հորդորել է պատասխան չստանալու դեպքում պահանջել Կառավարության հրաժարականը: Այս պահանջը, սակայն, սկսեց բուռն քննարկվել Կառավարության շենքի մոտ:

«Մենք պահանջում ենք հարցի լուծումը, ոչ թե ընդհարումներ», «մեր հետևը որևէ կուսակցություն կանգնած չէ, մենք որևէ մեկի շահերը չենք պաշտպանում, բացի մեր ընտանիքի մի կտոր հաց ունենալու իրավունքից», ֊ ասում էին առևտրականները։

Տեսանյութում գործարարները բացատրում են օրենքի կիրառելիության անհնարինությունը ոսկու, հագուստի, կոշիկի և այլ ապրանքատեսակների առևտրի բնագավառներում: Գործարարները նշում են, որ ռուսական ռուբլու արժեզրկումը և դոլարի արժևորումն առանց այս օրենքի էլ վնասել են իրենց բիզնեսներին, իսկ եթե «Շրջանառության մասին օրենքն ընդունվի», աշխատելն ուղղակի անհնար կլինի։