Home / Հայաստան / Երևանում հարգանքի տուրք մատուցեցին Հոլոքոստի զոհերի հիշատակին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանում հարգանքի տուրք մատուցեցին Հոլոքոստի զոհերի հիշատակին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Երևանում Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ տեղի է ունեցել հիշատակի արարողություն՝ նվիրված Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան։ Միջոցառումը կազմակերպել էին ՄԱԿ֊ի հայաստանյան գրասենյակը և Հայաստանի հրեական համայնքը։

Հավաքվածների առջև հնչեցրած իր ելույթում Հայաստանի հրեական համայնքի ռաբբի Գերշոն Մեիր Բուրշտեյնն անդրադարձել է Հայոց Ցեղասպանության չճանաչման խնդրին և կոչ է արել բարոյականությունն ավելի բարձր դասել քաղաքական և տնտեսական նպատակներից։

ՄԱԿ֊ի կողմից հիշատակի օրվա կապակցությամբ տարածած ուղերձը հիշեցնում է, որ 70 տարի առաջ հունվարի 27-ին դաշնակից ուժերն ազատագրել են Աուշվից-Բիրկենաուն (Օսվենցիմ)՝ գերմանական նացիստական համակենտրոնացման ճամբարը:

«Ավելի քան մեկ միլիոն բանտարկյալներ, հիմնականում՝ հրեաներ, դաժանորեն և համակարգային կերպով սպանվել են այդ վայրում, որտեղ նացիստները կյանքի են կոչել «արդյունաբերականացված սպանդի» հրեշավոր գաղափարը: Այլ զոհերի շարքում էին նաև հրեական ծագում չունեցող լեհաստանցիներ, քաղբանտարկյալներ, խորհրդային ռազմագերիներ, գնչուներ, միասեռականներ, հաշմանդամներ և Եհովայի վկաներ:

Պատմության մեջ նախադեպը չունեցող այս զանգվածային սպանդի դրդապատճառը նացիստների այլասերված ռասիստական գաղափարախոսությունն էր. նրանք ձգտում էին հայտնաբերել և սպանել առանց բացառության բոլոր հրեաներին և բոլոր այն մարդկանց, որոնց համարում էին ցածր ռասայի ներկայացուցիչներ:

Մարդկությունը միավորվեց՝ հաղթահարելու նացիստական սպառնալիքը: Այսօր մենք կրկին քննություն ենք հանձնում: Փոքրամասնություններն ամենուր հաճախ մոլեռանդության են բախվում: Վերելք են ապրում կրոնական հիմքով լարումները և անհանդուրժողականության այլ ձևերը: Շարունակվում են հակասեմիտական հարձակումները, երբ հրեաներ են սպանվում լոկ այն պատճառով, որ հրեա են: Ամբողջ աշխարհում խոցելի հասարակությունները շարունակում են հողին հանձնել իրենց հանգուցյալներին՝ շարունակելով ապրել հետագա բռնությունների հանդեպ վախի պայմաններում:

Բռնությունն ու կանխակալությունը, որոնց ականատես ենք ամեն օր, անողոք հիշեցումներ են, թե որքան ճանապարհ պիտի դեռ անցնենք մարդու իրավունքների իրացման, ցեղասպանությունների կանխարգելման և մեր ընդհանուր մարդկության պաշտպանության գործում: Մենք պետք է բազմապատկենք մեր ջանքերը՝ ոչնչացնելու ատելության և անհանդուրժողականության խոր արմատները: Մարդիկ ամենուր պետք է միավորվեն՝ դադարեցնելու հակասությունների շրջափուլերը և կառուցելու համախմբված ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված աշխարհ», ֊ մասնավորապես, նշվում է ՄԱԿ֊ի ուղերձում: