Home / Հայաստան / Զոհված զինվորների ծնողները Սերժ Սարգսյանից պատասխան չեն ստացել, հիշել են Կոստանյանին և Պուտինին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Զոհված զինվորների ծնողները Սերժ Սարգսյանից պատասխան չեն ստացել, հիշել են Կոստանյանին և Պուտինին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բանակում խաղաղ պայմաններում զոհված 5 զինծառայողների ծնողները 2014 թվականի նոյեմբերի 27-ին նամակ էին ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով հանդիպել իրենց և լուծում տալ «մեր զավակների սպանության փաստով հարուցված քրեական գործերին»։

Դիմումի հանձնման օրվանից մոտ 2 ամիս է անցել, սակայն ծնողները դեռևս պատասխան չեն ստացել։ Պատասխան չստանալու մասին ծնողները խոսել են այսօր ՀՀ նախագահի նստավայրի մոտ անցկացված բողոքի ակցիայի ընթացքում։ Նրանք հերթական անգամ հիշեցրել են, որ 2011 թվականի հունվարի 27-ին Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրի ճաղերի հետևից իրենց խոստացել է, որ նոր նշանակված զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը (ներկայումս ՀՀ գլխավոր դատախազ) կծանոթանա քրեական գործերին և նոր մոտեցում կցուցաբերի։ Զոհվածների ծնողների վկայությամբ, սակայն, սայլը նույն տեղում է մնացել, և իրենց որդիների մահվան իրական հանգամանքները մինչ օրս չեն բացահայտվել։

«Ո՞ւմ դիմենք, երևի Պուտինին դիմենք, երևի նա է մեր նախագահը», ֊ ակցիայի ժամանակ ասել է 2010 թվականին զոհված Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը։

Վերջինս անդրադարձել է նաև Գյումրիի սպանությանը՝ հիշեցնելով, որ Գևորգ Կոստանյանը գյումրեցիների տղամարդու խոսք է տվել դիմել Ռուսաստանին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովին ՀՀ իրավասու մարմիններին փոխանցելու խնդրանքով։

«Դիակները դրած, դու կանգնած տղամարդու խո՞սք ես տալիս։ Դու հանցագործների հե՞տ ես [խոսում], դու ռազբո՞ր ես անում, դու գողականների հե՞տ ես… դու ո՞ր աշխարհքից ես։ Դու դատախազ ես, դու պիտի մտնես էդ մարդկանց դրության մեջ, իրանք ինչ են պահանջում, դու տղամարդու խո՞սք ես տալիս։ Տղամարդու խոսքը ո՞րն ա։ Դատախազը նման բան իրավունք ո՞ւնի ասի», ֊ նշել է Ղարզարյանը։