Home / Տեսանյութեր / Կնոջը խոշտանգելու մեջ մեղադրվածն ազատ է արձակվել դատարանի դահլիճից

Կնոջը խոշտանգելու մեջ մեղադրվածն ազատ է արձակվել դատարանի դահլիճից

Կնոջը տարիներ շարունակ խոշտանգելու մեջ մեղադրվող 33-ամյա Սարգիս Հակոբյանը (լուսանկարում նստած է) այսօր դատապարտվել 1.5 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ դատարանի դահլիճից ազատ է արձակվել։ Այս մասին Epress․am֊ի հայտնել է Հակոբյանի կնոջը՝ Հասմիկ Խաչատրյանին աջակցող «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ Պերճուհի Կաժոյանը։ Նրա խոսքով՝ տուժող կողմը մտադիր է բողոքարկել վճիռը Վերաքննիչ դատարանում։

Մեղադրող դատախազը Հակոբյանի համար 5 տարվա ազատազրկում էր պահանջել, թեև տուժող Հասմիկ Խաչատրյանի փաստաբանը պնդել էր, որ մեղադրյալը պետք է խստագույն պատիժ ստանա՝ 7 տարվա ազատազրկում։ 

Գեղարքունիքի առաջին ատյանի դատարանն այսօր բավարարել է նաև քրեական գործին միացած քաղհայցը և Սարգիս Հակոբյանին պարտավորեցրել 300 հազար դրամ փոխհատուցում վճարել։ Թեև տուժող կողմը սահմանված գումարի չափը ծիծաղելի է համարել, սակայն ընդունել է, քանի որ գումարից հրաժարվելը կնշանակեր հրաժարվել քաղհայցից։

Ավելի վաղ Հասմիկ Խաչատրյանի փաստաբան Տիգրան Մուրադյանը հայտարարել էր, որ իրենք Հակոբյանից պահանջում են մեկ միլիոն դրամ որպես ամուսնու ծեծի հետևանքով ստացած մարմնական վնասվածքների բուժման համար ծախսված գումարի փոխհատուցում և 3 միլիոն դրամ՝ որպես բարոյական փոխհատուցում: 

Դատավարության ընթացքում տուժող կողմը միջնորդել է կալանքի տակ վերցնել Հակոբյանին, ով Գավառում հայտնի բախտագուշակ Վարսիկի որդին է, սակայն տղամարդուն ազատության մեջ էին թողել չհեռանալու մասին ստորագրության դիմաց։ Գործով որպես վկա անցնող Վարսիկը դատական նիստերին չէր ներկայացել՝ պատճառաբանելով, թե տառապում է սկլեռոզով և չի կարող ցուցմունք տալ։

Սարգիս Հակոբյանը դատարանում հայտարարել էր, որ ինքը կնոջը չի ծեծել, նրան հարվածել է մեկ անգամ՝ խանդի հողի վրա: 

Նա նաև հերքել է Հասմիկ Խաչատրյանի այն ցուցմունքը, թե ամուսինը ծխախոտը հանգցրել է իր ձեռքին, և հայտարարել է, որ կնոջ ձեռքի վերքը հին սպի է: Խաչատրյանը դատական նիստերի ընթացքում պնդել է, որ ամուսնու կողմից ծեծն ու խոշտանգումները պարբերական բնույթ են կրել։ 

Գավառում ընթացող դատական նիստերից մեկից հետո միջադեպ էր գրանցվել Հասմիկ Խաչատրյանին սատարող կազմակերպությունների ներկայացուցիչների և «Հայ-ռուսական միավորում» կազմակերպության ղեկավար, նախկին Առաջադիմական սոցիալիստական կուսակցության նախագահ Ռոբերտ Ահարոնյանի միջև։ Վերջինս հայհոյել է Խաչատրյանին սատարողներին՝ ասելով․ «Ես զարմանում եմ՝ Քյավառի ժողովուրդը ո՞ւր են, որ թողել են սրանց հրապարակի մեջտեղը կանգնել: Դուք որտեղի՞ց եք, ս․․տիր եղեք ձեր երկիրը: Խի՞ եք եկել Հայաստանը խանգարելու։ Դուք ստեղի ջուրը չեք խմել, չգիտեք ստեղի ավանդույթները: Վայ ես ձեր ազատություն ստեղծողին: Ձեր ցավը տանեմ, գնացեք ձեր սփյուռքը»:

Երբ «Կանանց ռեսուրսային կենտրոնի» տնօրեն Լարա Ահարոնյանը հայտարարել է, որ չի պատրաստվում երկրից հեռանալ, Ահարոնյանը պատասխանել է․ «Օրը գալու ա, վտարելու ենք, փակելու ենք սահմանը: Հզոր ընտանիքի կողմնակից եմ, ոչ թե գ..թերի: Եվրոպական ձեր մոտեցումներով հայ ընտանիքը մի՛ քանդեք»։