Home / Հայաստան / Դատավորը բողոքում է Վարդգես Գասպարիի դեմ․ փաստաբանն ուզում է իմանալ՝ ով է տուժողը

Դատավորը բողոքում է Վարդգես Գասպարիի դեմ․ փաստաբանն ուզում է իմանալ՝ ով է տուժողը

Երեկ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի դեմ դատավոր Ռուզաննա Հակոբյանի բողոքի քննությունը։

Դատավորը պահանջում է ակտիվիստի նկատմամբ քրեական գործ հարուցել քրօրի 343֊րդ հոդվածի հատկանիշներով (Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք): Դատական նիստերից մեկի ժամանակ հայցվոր ոստիկաններին հանցագործ անվանելուց հետո նախագահող դատավորը հորդորել էր Գասպարիին հարգալից լինել: Ակտիվիստը հակադարձել էր, թե Հայաստանի դատավորները Հակոբյանի նման անարժանապատիվ են, և նրանց նմանների պատճառով է տեղի ունեցել Մարտի 1-ը և մինչ օրս չի բացահայտվել:

Դատական նիստը հետաձգվել է, քանի որ Գասպարիի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը դատարանից ժամանակ է խնդրել միջնորդություն պատրաստելու համար, որով կպահանջի մեղադրող կողմին ներկայացնել՝ ով է գործով տուժողը:

«Հետաքրքիր է, որ Շենգավիթի դատարանում ես կրկին ասացի՝ դուք մարդասպաններ եք, սակայն դատավոր Նելլի Բաղդասարյանը դա վիրավորական չհամարեց: Ես չեմ վիրավորել, ես ասել եմ ճշմարտությունը, և ես մեղադրանք եմ ներկայացրել», – հայցի մասին խոսելով՝ Epress.am֊ի հետ զրույցում ասել է Գասպարին:

Նրա խոսքով՝ մաս կազմելով դատական համակարգին և իշխանությանը, այդ պաշտոնյաները դառնում են հանցագործությունների, սպանությունների և դրանց չբացահայտման պատասխանատու:

Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ մեկից երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով: