Home / Հայաստան / Ազատամարտիկին ծեծել են 4 դիմակավորված անձինք

Ազատամարտիկին ծեծել են 4 դիմակավորված անձինք

Այսօր առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում չորս դիմակավորված անձինք հարձակվել են ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության վարչության անդամ Սուրեն Սարգսյանի վրա և ծեծի ենթարկել, գրում է «Ազատություն» ռադիոկայկանը։ Սարգսյանն այժմ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։

Կենտրոնից «Ազատությանը» փոխանցել են, որ ազատամարտիկը ստացել է գանգուղեղային վնասվածք, վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։

Ռադիոկայանի հետ զրույցում Սուրեն Սարգսյանն իր հետ պատահածը ազատամարտիկներին լռեցնելու փորձ որակեց՝ ընդգծելով, որ չեն վախենում ու հանձնվել ևս չեն պատրաստվում։

Երեկ լրատվամիջոցները գրել էին, որ ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ, «Ազատամարտիկների դաշինք»֊ի անդամներ Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանն ու «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը նույնպես ծեծի են ենթարկվել։

Այդ դեպքից հետո «Ազատամարտիկների դաշինք»-ը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ տեղի ունեցածն ուղղված է դաշինքի գործունեության դեմ և հերթական անգամ նպատակ ունի ահաբեկման միջոցով լռեցնել ապօրինությունների դեմ ձայն բարձրացնող ազատամարտիկներին:  

Սուրեն Սարգսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասել է, որ ծեծի ընթացքում իրեն հարցրել են՝ «դու Թոխմախի Մհերին ճանաչո՞ւմ ես, որ իրա մասին բան ես ասում»: Ազատամարտիկը, սակայն, կարծում է, որ ծեծողները եղել են Սերժ Սարգսյանի հանցախմբի անդամներ, այլ ոչ թե Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի ուղարկած մարդիկ: Նրա խոսքով՝ ծեծողներն այդ հարցերը տվել են իրեն՝ շեղելու համար: Ազատամարտիկը նշել է, որ պատրաստվում էր հրապարակել  ազատամարտիկների հայտարարությունը «Թոխմախի Մհերի»՝ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին արված հայտարարության վերաբերյալ: Ավելի վաղ Սեդրակյանը հայտարարել էր, որ Հայաստանը սովոր է ուրիշի լծի տակ ապրել։

Լուսանկարը՝ Araratnews.am