Home / Հայաստան / Բյուրեղավանի գիշերօթիկի տնօրենին մեղադրում են 46 միլիոն դրամ յուրացնելու մեջ

Բյուրեղավանի գիշերօթիկի տնօրենին մեղադրում են 46 միլիոն դրամ յուրացնելու մեջ

Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի նախկին տնօրեն Գայանե Մարգարյանին երեկ մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու և վատնելու մեջ, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Մարգարյանը 2007-2014 թվականների ընթացքում, կազմակերպության կադրերի գծով տեսուչ Ա.Հովսեփյանի օժանդակությամբ հրամանագրել է գիշերօթիկում փաստացի աշխատանքներ չկատարող 28 աշխատակիցների: Մարգարյանը պետական բյուջեից գիշերօթիկին փոխանցված գումարներից վերոհիշյալ անձանց անուններով ելքագրել ու յուրացրել է 46 միլիոն 535 հազար 970 դրամ (մոտ 111 հազար դոլար):

Բացի դա, Մարգարյանը հաշվարկել է իր հաստատությունում փաստացի չաշխատող 4 աշխատակցի ու նրանց անվամբ ելքագրված գումարները տվել է գիշերօթիկում աշխատող նրանց հարազատներին և գիշերօթիկի այլ աշխատակիցներին՝ որպես լրավճար` այդկերպ վատնելով 7 միլիոն 747 հազար 358 դրամ:

Մարգարյանը երեկ կալանավորվել է։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին գիշերօթիկի մի խումբ աշխատակիցներ բաց նամակ էին տարածել հաստատությունում տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտի, երեխաների հանդեպ բռնություն գործադրելու, ֆինանսական ապօրինությունների մասին։