Home / Տեսանյութեր / ՍԴ֊ն հավանություն տվեց ԵՏՄ֊ի պայմանագրին․ դահլիճում հիշում էին ԽՍՀՄ֊ն ու ԽՄԿԿ֊ն

ՍԴ֊ն հավանություն տվեց ԵՏՄ֊ի պայմանագրին․ դահլիճում հիշում էին ԽՍՀՄ֊ն ու ԽՄԿԿ֊ն

Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, համաձայն որի Հայաստանի՝ ԵՏՄ֊ին անդամակցելու պայմանագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։

Որոշման որոշ կետերն ընթերցելիս՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում նույնիսկ հզոր պետություններն էներգետիկ, սննդի և այլ խնդիրները լուծելու համար ավելի խորը ինտեգրման են գնում ուրիշ երկրների հետ։

«ԵՏՄ֊ն իր ձևակերպումներով և իր առջև դրված նպատակներով չի հակասում ՀՀ Սահմանդրությանը», ֊ հայտարարել է Հարությունյանը։

ՍԴ նախագահը ԵՏՄ պայմանագրում կարևորել է այն կետերը, համաձայն որոնց ԵՏՄ նախագահն աշխատում է ռոտացիոն սկզբունքով, կառույցի բարձրագույն խորհրդում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, բացի դա, երկրներն ունեն վետոյի իրավունք։ ՍԴ֊ի որոշումը նաև կարևոր է համարում, որ ցանկացած երկիր կարող է յուրաքանչյուր պահի բարձրացնել ԵՏՄ֊ից դուրս գալու հարցը։

Անդրադառնալով կառույցի մի քանի նպատակներին, Գագիկ Հարությունյանն ասել է, որ դրանք նույնպես դրական կարելի է գնահատել՝ բարձրացնել անդամ երկրներում ազգային արտադրանքի մրցունակության մակարդակը, ուժեղացնել ազգային արժույթը, ղեկավարվել անդամների միջև իրավահավասարության սկզբունքով։

ՍԴ նախագահը նշել է, որ ԵՏՄ֊ին միանալու հետ կապված հաճախ բարձրացվում է ինքնիշխանության հարցը, սակայն կան բաներ, որոնք սահմանափակում են ինքնիշխանությունը, օրինակ, մարդու իրավուքնները ոչ միայն ներպետական, այլև վերպետական պաշտպանության են արժանանում։

Հարությունյանը նաև ընդգծել է, որ եթե Ազգային ժողովը վավերացնի պայմանագիրը, ապա պետք է փոփոխություններ մտցվեն տարբեր օրենսգրքերի մոտ 20 հոդվածներում։

Վճիռն ընթերցելուց հետո դահլիճում ներկաները սկսել են գոռալ «Ամոթ, ամոթ», «Да здравствует СССР (Կեցցե ԽՍՀՄ)֊ը, «Да здравствует КПСС» (Կեցցե ԽՄԿԿ֊ն)։

Նշենք, որ այսօր առավոտյան ՍԴ֊ի նիստի մեկնարկին մի քանի տասնյակ ակտիվիստներ բողոքի ակցիա էին անցկացրել Սահմանադրական դատարանի շենքի դիմաց։ Շենքի մոտից նրանց բռնի ուժով հեռացրել էին ոստիկանները։

Ավելի վաղ «Իրազեկ քաղաքացիաների միավորում» ՀԿ֊ն տեսանյութ էր տարածել, որում բացատրվում էր՝ ինչու է ԵՏՄ֊ին անդամակցելու պայմանագիրը հակասում Սահմանադրությանը։