Home / Տեսանյութեր / ԱԺ֊ն չընդունեց ԼՂՀ֊ի անկախությունը ճանաչելու մասին օրինագիծը

ԱԺ֊ն չընդունեց ԼՂՀ֊ի անկախությունը ճանաչելու մասին օրինագիծը

Այսօր Ազգային ժողովը չի ընդունել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» օրենքի նախագիծը։

Օրինագծին կողմ են քվեարկել 8 պատգամավորներ՝ ՀՅԴ խմբակցության 5 պատգամավոր, «Ժառանգությունից»՝ Զարուհի Փոստանջյանն ու Ռուբիկ Հակոբյանը, ՀԱԿ խմբակցությունից՝ Նիկոլ Փաշինյանը։ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ձեռնպահ է քվեարկել։ Բոլոր մյուս պատգամավորները քվեարկությանը չեն մասնակցել։

Քվեարկությունից առաջ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը հայտարարել է, որ ԼՂՀ֊ի ճանաչման հարցը Ազգային ժողովում 4 անգամն է քվեարկվում, և յուրաքանչյուր անգամ բոլոր պատգամավորները հայտնվում են բարդ և անհասկանալի իրավիճակում։

«Մի բան հստակ է՝ այս նախաձեռնությունն իր ժամանակին, երբ դրա անհրաժեշտությունը լինի, պետք է լինի բոլոր 131 պատգամավորների համատեղ նախաձեռնություն, և այս նախաձեռնությունը հենց 131 կողմ պետք է ունենա խորհրդարանում։ Մեր խմբակցությունը այս անգամ ևս չի մասնակցելու քվեարկությանը», ֊ ասել է ՀՀԿ֊ական պատգամավորը։

Առաջարկած օրենքի նախագիծը նախատեսում է.

1.Ճանաչել ԼՂ /Արցախի/ անկախ հանրապետությունը:

2.Բացառել ԼՂ /Արցախի/ և Հայաստանի Հանրապետությունների պետական սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից սահմանապահ, մաքսային և այլն կետերի տեղադրումը:

3.Բացառել ԼՂ-ի/Արցախ/, Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից զինված ուժերի տեղակայումը:

4.Բացառել ՀՀ անդամակցությունը կամ միավորումը որևէ կառույցի, որը կվտանգի ԼՂ /Արցախի/ և Հայաստանի Հանարապետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: