Home / Հայաստան / Ադրբեջանցի բլոգերն ազատ է արձակվել դատախազությունում հարցաքննությունից հետո

Ադրբեջանցի բլոգերն ազատ է արձակվել դատախազությունում հարցաքննությունից հետո

Ադրբեջանցի բլոգեր Մեհման Հուսեյնովը երկրի Գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով քննչական վարչությունում կես ժամ տևած հարցաքննությունից հետո ազատ է արձակվել։ Այս մասին Turan֊ին հայտնել է փաստաբան Գյունայ Իսմայլովան։

Մեհման Հուսեյնովը բերման է ենթարկվել երեկ՝ նոյեմբերի 10֊ին, Բաքվի օդանավակայանից՝ Թբիլիսի մեկնելիս։

2012 թվականի ամռանը Հուսեյնովի դեմ քրեական գործ էր հարուցվել ու արգելվել էր նրա ելքը երկրից։ Նա մեղադրվում էր «ոստիկանության աշխատակցի դեմ խուլիգանության» մեջ։ Քրեական հետախուզության ժամկետը լրանալու կապակցությամբ բլոգերը դիմել էր դատախազություն՝ խնդրելով հանել օտարերկրյա ուղևորությունների արգելքը։ Դատախազությունում նրան խորհուրդ էին տվել դիմել ոստիկանություն, որն, իր հերթին, անտեսել էր դիմումը։

Հուսեյնովը պատրաստվում էր մեկնել Թբիլիսի՝ մասնակցելու ԵԱՀԿ֊ի համաժողովին, սակայն սահմանապահները նրան բերման են ենթարկել՝ «համակարգում անձնագրի բացակայության» պատրվակով։ «Անձնագիրը կեղծելու կասկածանքով» երիտասարդին հանձնել են օդանավակայանիի ոստիկանությանը։

Ոստիկանությունում Turan֊ի թղթակցին տեղեկացրել են, որ Հուսեյնովը բերման է ենթարկվել Սաբաիլի շրջանի ոստիկանության կողմից նրա նկատմամբ որոնում հայտարարվելու կապակցությամբ։

Մեհման Հուսեյնովը Ադրբեջանի Լրագրողների ազատության ու անվտանգության ինստիտուտի աշխատակից է։ Օգոստոսի սկզբին դատախազությունը քրգործ էր հարուցել Ինստիտուտի դեմ՝ առգրավելով հ/կ֊ի փաստաթղթերն ու սարքավորումներն ու փակելով գրասենյակը։

Նշենք՝ օգոստոսի 8֊ից անհետ կորել է Հուսեյնովի եղբայր, Լրագրողների ազատության ու անվտանգության ինստիտուտի տնօրեն Էմին Հուսեյնովը։