Home / Հայաստան / Վաղը ԱԺ֊ն կքննարկի ԼՂՀ֊ի անկախությունը ճանաչելու մասին օրինագիծը

Վաղը ԱԺ֊ն կքննարկի ԼՂՀ֊ի անկախությունը ճանաչելու մասին օրինագիծը

Այսօր մեկնարկած ԱԺ հերթական քառօրյայում քննարկվելու է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի առաջարկած «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» նախագիծը, թեև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն չի տվել:

ԱԺ-ում ներկայացնելով քառօրյայի օրակարգն՝ այս մասին ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ընդգծելով, որ քննարկումը տեղի է ունենալու վաղը 14։30-ին, քանի որ «Ժառանգություն» խմբակցությունը այն ներկայացրել է որպես հրատապ հարց:

Օրինագիծը քննարկվել է Ազգային ժողովի արտագնա նիստում՝ ԼՂՀ-ում, սակայն, Փոստանջյանի գնահատմամբ, իրականում քննարկումը միտումնավոր ձախողվել է, քանի որ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը միջնորդել էր, որպեսզի նիստը փակ գումարվի:

«Ժառանգության» առաջարկած օրենքի նախագիծը նախատեսում է.

1.Ճանաչել ԼՂ /Արցախի/ անկախ հանրապետությունը:

2.Բացառել ԼՂ /Արցախի/ և Հայաստանի Հանրապետությունների պետական սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից սահմանապահ, մաքսային և այլն կետերի տեղադրումը:

3.Բացառել ԼՂ-ի/Արցախ/, Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից զինված ուժերի տեղակայումը:

4.Բացառել ՀՀ անդամակցությունը կամ միավորումը որևէ կառույցի, որը կվտանգի ԼՂ /Արցախի/ և Հայաստանի Հանարապետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: