Home / Հայաստան / Ֆինանսների նախարարի ընտանիքի ընկերությունները նախորդ տարվա համեմատ քիչ հարկ են վճարել․ «ՀԺ»

Ֆինանսների նախարարի ընտանիքի ընկերությունները նախորդ տարվա համեմատ քիչ հարկ են վճարել․ «ՀԺ»

ՀՀ ֆինանսների նախարարության հարկային տեսչության կողմից հրապարակված՝ Հայաստանի առաջին հազար հարկատուների ցանկից ակնհայտ է դառնում, որ ստվերի դեմ հայտարարված պայքարը չի վերաբերում մի քանի «հետաքրքիր» գործարարի, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

«ՀԺ»֊ն նշում է, որ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հարազատներին պատկանող «Մեգաֆուդ», «Մեգասպորտ», «Մեգակոնցեռն», «Մեգամոթորս» և «Ապեյրոն» ընկերություններն այս տարվա 9 ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ նվազեցրել են հարկերը 3.1 տոկոսով՝ վճարելով 1 միլիարդ 346 միլիոն դրամի հարկ։

«Հայաստանի, թերևս, «ամենահետաքրքիր» գործարար ու նաև ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ) հետ կապված խոշորագույն երկու ընկերությունները («Ալեքս Գրիգ», «Սամ-սեր գրուպ») միասին այս տարվա առաջին 9 ամիսներին վճարել են 17.3 մլրդ դրամի հարկ, որը անցած տարվա նույն ցուցանիշից ավելին է ընդամենը 1.7 տոկոսով:

Եթե հաշվի ենք առնում, որ նշված 1000 հարկատուները ավելացրել են իրենց հարկերը ավելի քան 5 տոկոսով, ապա պարզ է դառնում, որ ստվերի դեմ պայքարը այս ընկերությունների կողքով է անցել», – գրում է թերթը։

Խոշոր հարկատուների ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը 9 ամսվա ընթացքում վճարել է 30 միլիարդ 188 միլիոն դրամ, երկրորդը՝ «Ղ֊Տելեկոմ» ընկերությունը՝ 22 միլիարդ 150 միլիոն դրամ, երրորդը Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» ընկերությունն է՝ 14 միլիարդ 752 միլիոն դրամ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում