Home / Հայաստան / «Կռուտոյ պաշտոնյաները ԱԺ չեն գալիս»․ Սուրիկ Խաչատրյանը բյուջեի քննարկմանը ներկա չէր

«Կռուտոյ պաշտոնյաները ԱԺ չեն գալիս»․ Սուրիկ Խաչատրյանը բյուջեի քննարկմանը ներկա չէր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր չեն ներկայացել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2015 թվականի պետական բյուջեի քննարկմանը։ Մյուս մարզպետները բյուջեի քննարկմանը եկել էին։

Երևանի քաղաքապետարանի բյուջեն ներկայացնող փոխքաղաքապետ Կարեն Արեյանն ասել է, որ Տարոն Մարգարյանի բացակայությունը հարգելի է, քանի որ այս անգամ նա պաշտոնական այցով գտնվում է Հորդանանում։ Տարոն Մարգարյանը բյուջեի քննարկումներին չէր ներկայացել նաև նախորդ երկու տարիներին։ 

Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը նշել է, որ ինքը կարող է ներկայացնել բյուջեն։ Նրա խոսքով՝ Սուրիկ Խաչատրյանը մարզի համար կարևոր միջոցառման էր և իրեն է լիազորել։

Այս դիտարկմանն արձագանքելով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան  Մարգարյանն ասել է, որ հարցը բյուջեն ներկայացնելու կարողության մասին չէ, այլ ընթացակարգի, որի համաձայն ԱԺ֊ի քննարկմանը պետք է ներկայանա անձամբ մարզպետը։ 

«Ուրիշ բան, եթե կա հարգելի պատճառ», ֊ ասել է Մարգարյանը։ 

Պաշտոնյաների բացակայությանն անդրադարձել է նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը․ «Պաշտոնյաների մեջ «դեդովշչինա» կա՞: Մարզպետների մեջ կան «կռուտոյ» պաշտոնյաներ, որոնք արդեն հավես չունեն խորհրդարան գալու: Կամ էլ խորհրդարանում այժմ այլ կարգուկանոն է գործում. պայծառ ուղեղներին, գիտությունների թեկնածուներին և դոկտորներին այլևս հարիր չէ՞ ինչ-որ բյուջեի քննարկումների ներկա լինելը»։