Home / Հայաստան / Երևան֊Սիմֆերոպոլ չվերթի տոմսերը վաճառքում են․ փորձագետները զգուշացնում են վտանգի մասին

Երևան֊Սիմֆերոպոլ չվերթի տոմսերը վաճառքում են․ փորձագետները զգուշացնում են վտանգի մասին

Թեև Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչությունից հայտնել են, որ մերժել են ռուսաստանյան «Գռոզնի Ավիա» ընկերության Սիմֆերոպոլ-Երևան ուղիղ ավիաչվերթ իրականացնելու հայտը, ավիատոմսերի վաճառքով զբաղվող երևանյան մի քանի ընկերություններում, ինչպես նաև «Գռոզնի Ավիա»-ի կայքէջից այսօր կարելի է ձեռք բերել այդ չվերթի տոմսեր, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը։

«Գռոզնի Ավիա»-ի առաջարկած տոմսերի գինը սկսկվում է 8 700 ռուբլուց, երևանյան ընկերություններում ZG-740 կոդն ունեցող Երևան-Սիմֆերոպոլ չվերթի տոմսերը սկսվում են 87 500 դրամից։ Նաև տեղեկացնում են՝ «Զվարթնոց» օդանավակայանից առաջին թռիչքը կայանլու է նոյեմբերի 17-ին, 15:00-ին, թռիչքը տևելու է մոտ երկու ժամ և թռչելու են «Յակ-42» ինքնաթիռով:

Այն, որ «Գռոզնի Ավիա» ընկերությունը մտադիր է կանոնավոր ուղիղ ավիաչվերթներ կազմակերպել Երևանի ու Սիմֆերոպոլի միջև, առաջինը սեպտեմբերի 30-ին հայտնեց ռուսաստանյան «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը` հղում կատարելով Ղրիմի տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկինին:

Ի սկզբանե նախատեսվում էր, որ կանոնավոր չվերթները իրականացվելու են հոկտեմբերի 10-ից: Սակայն հետո ժամկետները հետաձգվեցին, և երկու օր առաջ «Ինտերֆաքսի» հետ զրույցում Ղրիմի տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկինը հայտարարեց, որ թռիչքները սկսվելու են նոյեմբերի 16-ին:

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը «Ազատության» հետ զրույցում, սակայն, ասել է, որ ավիաընկերության հայտը մերժել են՝ «ներկայացված փաստաթղթերի թերի լինելու պատճառով, և որ թերությունները շտկելու ու կրկին հայտ ներկայացնելու դեպքում այն կդիտարկվի նույն ընթացակարգով»:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի խոսքով` դեպի Ղրիմ թռիչքները բացասաբար կանդրադառնան Հայաստանի միջազգային հեղինակության վրա, անգամ կարող են հանգեցնել պատժամիջոցների:

«Եթե մենք այդ սահմանափակումները խախտենք, մեզ կարող են ICAO-ով կամ Eurocontrol-ով մեր ավիաընկերություններին արգելել ընդհանրապես թռիչքներ իրականացնել, մենք՝ «Զվարթնոց» օդանավակայանը, «Էյր Արմենիան» կհայտնվեն սև ցուցակի մեջ և կարող են ուրիշ ընկերություններ դեպի Հայաստան թռիչքներ չիրականացնեն»,- ասել է Պետրոսյանը։

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն «Ազատության» հետ զրույցում ասել է, որ չվերթի բացումը քաղաքական առումով ուղղակի անպատվություն է հայկական պետականությանը։

«Հայաստանը էապես կփչացնի իր հարաբերությունները նախ և առաջ Ուկրաինայի հետ, իսկ Ուկրաինան Հայաստանի համար չափազանց կարևոր երկիր է։ Իհարկե, Հայաստանը կփչացնի իր հարաբերություններն Արևմուտքի հետ, ընդ որում՝ դիմացը չստանալով ընդհանրապես ոչինչ», ֊ ասել է փորձագետը։  

Հոդվածն ամբողջությամբ՝ Azatutyun.am֊ում