Home / Հայաստան / Սուրիկ Խաչատրյանը Սյունիքում սկսել է պաշտոնանկությունների շարքը․ «ՀԺ»

Սուրիկ Խաչատրյանը Սյունիքում սկսել է պաշտոնանկությունների շարքը․ «ՀԺ»

Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելուց հետո կանխատեսվում էր, որ նա պատժելու է բոլոր այն մարդկանց, ովքեր իր պաշտոնանկության ընթացքում իր դեմ էին դուրս եկել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ մարզպետն արդեն գործի է անցել։

Սյունիքից թերթի աղբյուրները փոխանցել են, որ Խաչատրյանը միջնորդավորված անձի միջոցով իր ցուցակում ընդգրկվածներին հրահանգում է աշխատանքից ազատվելու դիմումներ գրել:

Մասնավորապես, նման հրահանգ է ստացել Գորիսի հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Կարեն Հարությունյանը, ով թերթի հետ զրույցում ասել է, թե ինքը դիմում չի գրել, այնուհետև անջատել է հեռախոսը:

Նորանշանակ մարզպետն աշխատանքից ազատել է տվել նաև Գորիսի կոմունալ տնտեսության պետի տեղակալ Սլավիկ Թունյանին: Վերջինս Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանի ընկերն է: Կարապետյանը վերջին ընտրությունների ժամանակ պայքարում էր Խաչատրյանի հովանավորյալ Վաչագան Ադունցի հետ։

Սուրիկ Խաչատրյանը հրահանգել է աշխատանքից ազատվելու դիմում գրել նաև տեղի «Փարոս» սոցիալական ծառայության աշխատակից Սուրեն Բակունցին։ նա էլ Տիգրան Կարապետյանի ազգականն է:

Հարվածի տակ է նաև Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը, ով Բուդաղյանների դատի օրերին դատարանի բակում և ընդհանրապես մամուլում քննադատական հայտարարություններ էր անում Խաչատրյանի դեմ և ասում, որ նրա վերանշանակումն անթույլատրելի է։ Թերթն ընդգծում է, սակայն, որ այս հարցում Խաչատրյանը դեռևս հաջողությունների չի հասնում։ «ՀԺ»֊ի հետ զրույցում Սաֆարյանը նշել է, որ իրեն աշխատանքի նշանակել֊չնշանակելու հարցը կապված չէ մարզպետի հետ, ռեկտորին ընտրում է բուհի խորհուրդը, իսկ պաշտոնում հաստատում ԿԳ նախարարը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում