Home / Հայաստան / Գագիկ Ծառուկյան․ «Այսօր ես ասում եմ՝ ոչ մի նստացույց չի լինելու»

Գագիկ Ծառուկյան․ «Այսօր ես ասում եմ՝ ոչ մի նստացույց չի լինելու»

Այսօր Ազատության հրապարակում կայացած ոչ իշխանական եռյակի հանրահավաքի հիմնական ինտրիգը պետք է լիներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը, ով հոկտեմբերի 10-ին կարճ խոսեց, բայց խոստացավ՝ «հաջորդ հանրահավաքին ես իմ խոսքը կասեմ, որին դուք սպասում եք»։

Իր այսօրվա ելույթը ԲՀԿ առաջնորդը սկսեց Հայաստանի ծանր տնտեսական վիճակի արձանագրումից․ «Ես գիտեմ ձեր դարդուցավը, ձեր խնդիրը, պրոբլեմը, ու կարևորը՝ գիտեմ լուծումները»։

«Այսօր Ծառուկյանին ոչ մի դժվարագույն խնդրով չեն կարող վախեցնել։ Ծառուկյանն ամեն ինչ տեսել է՝ դժվարություն, նեղություն, անարդարություն, բայց երբեք չի կոտրվել ու միշտ իր գործը մինչև վերջ առաջ է տարել։ Մոտ 8-10 տարի ասում են՝ Ծառուկյանը չի անի, Ծառուկյանի ինչի՞ն է պետք։ Այո, իրենք ճիշտ են ասում, Ծառուկյանի ինչի՞ն է պետք գլուխն անցավ ցավի տակ դնի։ Բայց մի մարդը չի կարող լավ լինել, ազգովի պետք է լավ լինենք», – հայտարարել է ԲՀԿ ղեկավարը։

Ինչ վերաբերում է եռյակի գործողություններին, ապա Ծառուկյանը հայտարարել է, որ սկսվելու է համաժողովրդական շարժման միասնական շտաբների ձևավորում՝ յուրաքանչյուր պահին ժողովրդին մոբիլիզացնելու համար։

Նա նշել է, որ կյանքն այսօր պարտադրում է գնալ արմատական փոփոխությունների, և եռյակը պատրաստ է յուրաքանչյուր սցենարի, սակայն հերթական անգամ կրկնել է՝ «մենք «մայդանի» կոչ չենք անում, բայց «մայդանի» այլընտրանքը լճացումը չէ»։ Իսկ «մայդանից» խուսափել, ըստ եռյակի, թույլ կտա ընտրական օրենսգրքի փոփոխությունը և մեծամասնական ընտրկարգի վերացումը․ «Իսկ եթե իշխանությունը շարունակի մերժել մեր առաջարկները, մենք կշարունակենք փողոցում պահանջել նոր իշխանության ձևավորում և արտահերթ ընտրություններ»։

Իր ելույթը Ծառուկյանն ավարտել է՝ հայտարարելով․ «Այսօր ես ասում եմ՝ ոչ մի նստացույց չի լինելու»։ Նստացույցի հարցը, ըստ նրա, կքննարկվի եռյակի ներսում և այդ մասին կհայտարարվի հաջորդ հանրահավաքին։ Մինչև ԲՀԿ նախագահի ելույթը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես խոսել էր նստացույցի մասին՝ հայտարարելով, որ այդ հարցը հավաքվածների քվեարկությանը կարող է դնել Գագիկ Ծառուկյանը, սակայն ինքը որպես քաղաքացի կողմ է նստացույցին։