Home / Հայաստան / Բուհերում «նեդոբոռ» է. Աշոտյանն արդարացել է, որ տեղերի թիվը միտումնավոր է ուռճացվում

Բուհերում «նեդոբոռ» է. Աշոտյանն արդարացել է, որ տեղերի թիվը միտումնավոր է ուռճացվում

Հայաստանի պետական բուհերում ստացիոնար 15146 տեղերի համար այս տարի 12 հազար դիմում է եղել։ Հեռակա մոտ 9000 տեղերի առկայության պարագայում 4500 մարդ է ընդունվել, իսկ ոչ պետական բուհերի մոտ 3000 թափուր տեղեր ընդունվել է ընդամենը 45 հոգի: Այս թվերն այսօր ԱԺ-ում ՀՀ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրացրել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Այս ընդունվածներից 1000-ը քննություն չի հանձնել: Դուք բոլորդ քննություն եք հանձնել և հիշում եք, որ ամեն տարի կոնկուրս է եղել, նույնիսկ մեկ տեղի համար 30 դիմորդ է եղել: Այս տարի առաջին անգամ դիմորդների թիվն ավելի քիչ է, քան՝ տեղերը», – ասել է Արամ Մանուկյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Մանուկյանի տվյալները «սիրողական» թվեր է անվանել և կարծիք հայտնել, որ պատգամավորը բուհերից ստացված թվերը «ոտի վրա է գումարել»:

«Մենք ուշադրություն ենք դարձնում ծնողների հոգեբանական գործոնին և Կառավարությունը արդեն մի քանի տարի է ավել տեղ է դնում, քան կանխատեսվող դիմորդների քանակն է: Սա լրջագույն հոգեբանական ազդեցություն է թողել՝ վերածելով քննությունները համապետական միջոցառումից ընթացիկ կրթական գործընթացի»,- ասել է ԿԳ նախարարը:

Արամ Մանուկյանի դիտարկմանը, թե ԿԳՆ քաղաքականությունը սպանել է մասնավոր համալսարանները, Աշոտյանը պատասխանել է. «90-ականների սկզբին եք թույլ տվել բացել տասնյակ բուհեր, որոնց որակը երբեք չեք ստուգել, որտեղ մարդկանց տրվել են գունավոր պրինտերով տպված դիպլոմներ»: