Home / Տեսանյութեր / Օմբուդսմենի զեկույցի առանցքը պետք է Մարտի 1-ը լիներ․ պատգամավոր

Օմբուդսմենի զեկույցի առանցքը պետք է Մարտի 1-ը լիներ․ պատգամավոր

Երկրում չի կարող լինել մի բնագավառ, որը շատ լավ է, երբ շրջապատի բոլոր մյուս բնագավառները վատ վիճակում են գտնվում, և սրան պետք է ըմբռնումով մոտենալ։ Այս մասին ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի զեկույցը Ազգային ժողովում քննարկելու ժամանակ։ Իր ելույթի սկզբում Մանուկյանը դժգոհություն է հայտնել, որ Անդրեասյանը չի ժամանել Ազգային ժողովի դահլիճ՝ պատգամավորների դիտողությունները լսելու համար, ապա արձանագրել, որ ՄԻՊ-ը համակարգին դեմ լինել չի կարող, կամ չի կարող մի ամբողջ համակարգ կարգի բերել:

Այնուամենայնիվ, նա նշել է, որ զեկույցում բավական դրական հատվածներ են եղել, օմբուդսմենն աշխատել է շատ բծախնդիր։ Դրա հետ մեկտեղ ՀԱԿ պատգամավորը մի կարևորագույն խնդիր է ընդգծել է, որ, նրա բնորոշմամբ, պետք է առանցքային լիներ զեկույցում։

Խոսքը «Մարտի 1-ի գործի» մասին է, որի վերաբերյալ Անդրեասյանն իր զեկույցում գրել էր, թե 6 տարում առաջընթաց չի արձանագրվել, մահացածների իրավահաջորդների իրավունքները բացահայտ խախտված են եղել, և արդյունավետ միջոցներ պետք է ձեռնարկվեն գործն արագ ավարտելու համար:

«Սա ամենևին լուծում չէ: Այստեղ ժամկետը չէ խնդիրը, այլ՝ բացահայտումը», ֊ նշել է Մանուկյանը:

Վերջինիս խոսքով՝ Մարտի 1-ին զոհվածների և տուժածների հարազատները չեն հավատում արդարադատությանը․ զոհվածների ծնողների շրջանում մահացածներ կան, ոմանք էլ արդեն արտագաղթել են, իսկ գործը դեռևս բացահայտված չէ։

Նա հիշեցրել է, որ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարել էր, թե Մարտի 1-ի գործով բոլոր բացահայտումներն իրականացված են, ինչը, Մանուկյանի բնորոշմամբ, անամոթ սուտ է։

«Մարտի 1-ի դեպքը ՄԻՊ-ի զեկույցի մեխը ու առանցքը պետք է լիներ, որովհետև նման կարգի հանցագործություն, սպանդ վերջին տարիներին չի եղել: Սա քննություն է նաև ՄԻՊ-ի համար», ֊ ասել է պատգամավորը:

Իր ելույթի ավարտական մասում Մանուկյանն ընդգծել է, որ թեև օմբուդսմենի զեկույցում որոշ դրական հատվածներ կան, սակայն մարդու իրավունքների պաշտպանության համակարգն անմխիթար վիճակում է, այն քաղաքական ենթատեքստ ունի ու կախված է իշխանությունների վարած քաղաքականությունից:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանական ուժերը բռնության գործադրմամբ ցրել են ընդդիմության վրանային քաղաքը։ 2008-ի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիրները 10 օր խաղաղ հավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում։ Նույն օրը՝ մի քանի ժամ անց, մարդիկ հավաքվել են Գրիգոր Լուսավորիչ փողոցում։ Երեկոյան ցուցարարների դեմ հրազեն է կիրառվել։ Սպանվել է 10 մարդ՝ 2 ոստիկան և 8 քաղաքացիական անձ։ Մինչ օրս սպանությունների համար ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ոչ ոք չի դատապարտվել։ Մարտի 1-ի դեպքերից հետո լուսանկարներ և տեսանյութեր են տարածվել, որոնք ապացուցում են, որ այդ օրն ընդդիմադիրների դեմ գործողություններում օգտագործվել են զինված ուժերը։