Home / Հայաստան / ՀՀ փոխվարչապետը հրաժարական ներկայացրեց

ՀՀ փոխվարչապետը հրաժարական ներկայացրեց

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հրաժարական է ներկայացրել: Այս մասին կառավարության հերթական նիստի ժամանակ այսօր՝ հոկտեմբերի 16֊ին, հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Վարչապետի խոսքով՝ Գևորգյանը մտադիր է իր գործունեությունը շարունակել մասնավոր հատվածում։

Նշենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը երեկվա իր համարում գրել էր՝ իշխանական կուլիսներում արդեն խոսվում է, որ Արմեն Գևորգյանին փոխվարչապետի պաշտոնում հնարավոր է փոխարինի կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը։

«Հրապարակ» թերթի տվյալներով՝ փոխվարչապետի ամենահավանական թեկնածուն ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն է։

Ըստ թերթի՝ հիմնավորումն այն է, որ, այսպես թե այնպես, նա իր ներկա կարգավիճակով և լծակներով ունի փոխվարչապետի կարգավիճակ, և մտադրություն կա փոխվարչապետի ստատուսը տարածքային կառավարման նախարարությունից տեղափոխել ֆինանսների նախարարություն։