Home / Տեսանյութեր / Ոստիկանության արատավոր պրակտիկան և ՈՒԽ֊ները․ օմբուդսմենի զեկույցն ԱԺ֊ում

Ոստիկանության արատավոր պրակտիկան և ՈՒԽ֊ները․ օմբուդսմենի զեկույցն ԱԺ֊ում

Ոստիկանությունում ծեծի ենթարկվելու փաստի առթիվ 2013 թվականի ընթացքում բողոքել է 365 մարդ, սակայն դատախազությունը զարմանալի քիչ թվով՝ ընդամենը 12 բողոքների հիման վրա է քրեական գործ հարուցել: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը։

«Սա զավեշտալի թիվ է: Այնպես չէ, որ ցանկանում ենք ավելի շատ ոստիկաններ տեսնել բանտարկված: Ուղղակի եթե էս թիվը ռեալին մոտենա, այսինքն՝ պատժվեն այն ոստիկանները, որոնք ծեծել են, սա կանխարգելիչ դեր կունենա»,- ասել է օմբուդսմենը:

Այս և մի շարք այլ հիմնախնդիրներ Անդրեասյանն առանձնացրել է ԱԺ֊ում իր տարեկան զեկույցը ներկայացնելիս։

Համաձայն օմբուդսմենի, այդ խնդիրներից մի քանիսը լուծելու համար ԱԺ֊ից օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ, մասնավորապես, բուհերի ուսումնական խորհուրդների (ՈՒԽ) ապաքաղաքականացման հարցում։ Որոշ դեպքերում էլ անհրաժեշտ է ընդամենը քաղաքական կամք, օրինակ, ցույցերի ժամանակ քաղաքացիական հագուստով ոստիկանների ներգրավումը բացառելու համար:

Ոստիկանության հետ կապված մեկ այլ կարևոր խնդիր է այն, որ տարածված պրակտիկա է կասկածյալին սկզբում գործում ներգրավել որպես վկա, հետո միայն մեղադրանք առաջադրել:

«Համատարած երևույթ է: ԱԺ-ից խնդրելու ոչինչ չունենք, քանի որ խնդիրը օրենսդրությունը չէ, այլ պրակտիկան», ֊ ասել է Անդրեասյանը՝ խնդրելով, սակայն, որպեսզի ԱԺ֊ն՝ Գլխավոր դատախազությունից, վերջինս էլ ոստիկանությունից պահանջի փոխել «այդ արատավոր պրակտիկան»։

Օմբուդսմենի խոսքով՝ արդեն երրորդ տարին է, ինչ իր գրասենյակը պահանջում է ձևակերպել «բժշկական սխալ» տերմինը:

«Մենք մեղադրում ենք Առողջապահության նախարարությանը, որովհետև օրենսդրական նախաձեռնության մեջ առաջարկել էինք «բժշկական էթիկայի կանոններ» և «բժշկական սխալ» հասկացությունների ձևակերպում: Մեկը՝ սկսել են անել, մյուսի դեպքում՝ ընդհանրապես լռություն է»,- ասել է Անդրեասյանը:

Օմբուդսմենի կողմից բարձրացվել է նաև սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հարցը։ Նա կարծիք է հայտնել, որ աղջիկներին «մորթվելուց» փրկելու համար պետք է օրենսդրական փոփոխություն: 

Ընդգծենք, որ իր զեկույցի ժամանակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը օրինակների մասին խոսելիս կոնկրետ անուններ չի նշել։