Home / Հայաստան / ԱԺ֊ում առաջարկել են «բանդիտի որակավորում ունեցող Սուրիկ Խաչատրյանի» մասին հայտարարություն ընդունել

ԱԺ֊ում առաջարկել են «բանդիտի որակավորում ունեցող Սուրիկ Խաչատրյանի» մասին հայտարարություն ընդունել

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը շրջանառության մեջ է դրել Ազգային ժողովի հայտարարության նախագիծ, որը կոչվում է «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնում կրկին նշանակված բանդիտի որակավորում ունեցող անձի՝ Սուրիկ Խաչատրյանի (հանրությանն առավել հայտնի Լիսկա մականվամբ) մասին»։

Նախագծի մեջ նշվում է, որ Սուրիկ Խաչատրյանը Սերժ Սարգսյանին և նրա խմբակին ծառայություններ մատուցելու, մասնավորապես՝ ՀՀ֊ում բռնազավթված իշխանության երկարաձգումը սպասարկելու համար տիրապետում է բավական մեծ «արժանիքների». պաշտոնապես նա դատապարտված է եղել բազմաթիվ անգամ տարբեր հանցագործություններ կատարելու փաստերով՝ ծանր մարմնական վնասվածք, պետական գույքի հափշտակություն, անձնական գույքի հափշտակություն, տրանսպորտային միջոցների առևանգում, չարամիտ խուլիգանություն։

«Սերժ Սարգսյանի և նրա խմբակի անդամների հիմնական խնդիրն է իրականացնել վերահսկողություն առկա ապօրինի իշխանավարման համակարգում, որի համար անհրաժեշտ են քրեական տարրեր։ Նրանք, մտադիր լինելով շարունակել իշխանության բռնազավթումը, անհրաժեշտություն են տեսել կրկին օգտվել Սուրիկ Խաչատրյանի ծառայություններից, ով պատրաստ է ցանկացած տիպի պատվերի, ցանկացած հանցագործություն կատարելու», ֊ մասնավորապես, ասված է Փոստանջյանի կողմից առաջարկվող հայտարարության տեքստի մեջ։

Պատգամավորը, մասնավորապես, նշում է, որ 2013 թվականի հունիսի 1-ին տեղի ունեցած Ավետիք Բուդաղյանի սպանությունն ակնհայտ դարձրեց Սուրիկ Խաչատրյանի կողմից ղեկավարվող զինված խմբի գործունեությունը, որը տարիներ շարունակ հարձակումներ է գործել անձանց և կազմակերպությունների վրա, զրկել նրանց սեփականությունից, կյանքից և պատճառել բարոյական, առողջական ու գույքային վնասներ։

«Գնահատում ենք Սուրիկ Խաչատրյանին ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելը որպես Սերժ Սարգսյանի ապօրինի իշխանության ներքո գտնվող խմբակի կողմից գաղտնի (անդրկուլիսյան) հանցավոր պայմանավորվածությունների հետևանք։

Գնահատում ենք քրեական տարր Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների ներգրավվածությամբ տարբեր հանցագործությունների կատարման մեջ՝ հրաձգությունից մինչև սպանություն, հրապարակված փաստերին և վկայություններին քրեա-իրավական ընթացք չտալը որպես հասարակության և պետական ծառայության նկատմամբ բացարձակ ցինիզմի դրսևորում։ Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների մասնակցությամբ կատարված հանցագործությունները չեն արժանացել քրեա-իրավական գնահատականի և Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից քաղաքական գնահատականի՝

Դատապարտում ենք ՀՀ դատական իշխանության անգործությունը՝ խուսափելը արդարադատություն իրականացնելու պարտականությունից:

Դատապարտում ենք Սուրիկ Խաչատրյանին ՀՀ Սյունիքի մարզպետ վերանշանակելու որոշումը և նրան ՀՀ Սյունիքի մարզպետի լիազորություններ տրամադրելը», ֊ եզրափակում է հայտարարության նախագիծը։