Home / Տեսանյութեր / Պատգամավորները կքննարկեն դժգոհություն առաջացրած օրենքը․ Օսիպյանը խանգարում էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պատգամավորները կքննարկեն դժգոհություն առաջացրած օրենքը․ Օսիպյանը խանգարում էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա անցկացրած փոքր և միջին ձեռնարկատերերն իրենց դժգոհությունն են հայտնել տոնավաճառների ղեկավարների պահվածքի առնչությամբ և իշխանությունների դիրքորոշումից։

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքի ակցիաները սկսվել են նախորդ երեքշաբթվանից, սակայն ՀՀ կառավարությունը չի պատրաստվում անսալ բողոքողների պահանջներին և չեղյալ համարել օրենքը կամ դրա մեջ փոփոխություններ մտցնել։

Այսօրվա ակցիային մասնակցող կանանցից մեկն ասել է, որ տոնավաճառների սեփականատերերը, ովքեր սպառնում են առևտրակնաներին կամ «Ոսկու շուկայի» դեպքում կոտրում տաղավարները, հարստացել են հենց այդ մարդկանց շնորհիվ։

«Էդ «Ոսկու շուկայի» տերը կապիտալի ա հասել էդ շուկայում կանգնող մանր բիզնեսով զբաղվողներով։ Իսկ էսօր մեզ ամենավերջին, ստոր ձևով տրորում ու անցնում են», ֊ նշել է մեր զրուցակիցը։

Բողոքողներից մի քանիսը նշել են, որ չեն ցանկանում փոփոխություններ օրենքի մեջ, իրենց պահանջն է կասեցնել օրենքի կիրառումը։

11։30-ի սահմաններում Ազգային ժողովի մոտ արդեն մի քանի հարյուր բողոքողներ էին հավաքվել։ Նրանց հանդիպել են ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը և ԲՀԿ֊ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Ակցիայի մասնակիցները ներկայացրել են իրենց պահանջները, ինչին ի պատասխան Միքայել Մելքումյանը նշել է, որ արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պատրաստել է օրենքի 2 նոր նախագիծ։ Համաձայն դրանցից մեկի, մանր և միջին բիզնեսով զբաղվող յուրաքանչյուր մարդ ինքը կկարողանա ընտրել, թե որ տարբերակով շարժվել՝ նախկին, թե ներկա։ Նշենք, որ, համաձայն օրենքի նոր տարբերակի, փոքր և միջին բիզնեսի նկատմամբ շրջանառության հարկի տոկոսադրույքը իջեցվում է (3%-ից 1%), սակայն միևնույն ժամանակ առևտրականներից պահանջվում է փաստաթղթավորել գնումները և հարկայինին ներկայացնել բոլոր ապրանքատեսակների նկարագրությունը, ինչն անընդունելի է առևտրականների համար։

Մելքումյանը նշել է, որ իրենք նաև քննարկումներ են անցկացնելու բողոքի ակցիայի մասնակիցների հետ և վերջնական տարբերակներն ունենալու պես կներկայացնեն դրանք Ազգային ժողովի քնննարկմանը։ ԲՀԿ֊ական պատգամավորն ընդգծել է, որ իրենք փորձելու են խնդիրը հնարավորինս շուտ բարձրացնել Ազգային ժողովում, քանի որ այն հրատապ է։ Արամ Մանուկյանը նույնպես ասել է, որ իրենք փորձելու են հնարավորինս արագ հարցին ընթացք տալ, բայց մանր և միջին ձեռնարկատերերին խորհուրդ է տվել չհանգստանալ, որովհետև, Մանուկյանի խոսքով, միայն նրանց ճնշման արդյունքում կարելի է ինչ֊որ բանի հանել։

Զրույցի ընթացքում ԱԺ֊ի մոտ է ժամանել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով սկսել է խանգարել բողոքողների և պատգամավորների զրույցին՝ պահանջելով հեռանալ ԱԺ֊ի մուտքի դիմացից։ Քիչ անց պատգամավորները շենք են մտել, իսկ առևատրականներն ավարտել են ակցիան։

Մանրամասները՝ տեսանյութում