Home / Հայաստան / Վարչապետը բողոքող առևտրականների մոտ չիջավ․ նրանք կհավաքվեն ԱԺ֊ի մոտ

Վարչապետը բողոքող առևտրականների մոտ չիջավ․ նրանք կհավաքվեն ԱԺ֊ի մոտ

Կառավարության մոտ այսօր 4 ժամ տևած բողոքի ակցիայից հետո «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ պայքարող անհատ ձեռներեցները որոշել են երկուշաբթի օրը հավաքվել Ազգային Ժողովի առջև: Այս միտքը բողոքի մասնակիցներին հուշել են Կառավարությունից՝ ասելով, որ օրենքը ԱԺ-ն է ընդունել, ուստի այն խմբագրելու համար պետք է ԱԺ-ին դիմել:

Ակցիայի մասնակիցներն այսօր հանդիպում էին պահանջում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Նրանք վանկարկում էին՝ «պատասխան», «վարչապետ, իջիր», սակայն ժողովրդի հետ խոսելու համար Կառավարության շենքի մոտ է եկել միայն Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության ու դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Կառավարության անդամները հրաժարվել են բողոքի մասին նույնիսկ մեկնաբանություն տալ լրագրողներին, նրանք բոլորը նիստից հետո հեռացել են Կառավարության ետնամուտքով:

Ալեքսանդր Ղազարյանի մոտենալուն ակցիայի մասնակիցներից մեկը արձագանքել է՝ ասելով. «Սա այն մարդն է, ում նամակները տալիս ենք, մինչև հասնում է կառավարության աստիճաններին, կորցնում է»: Ակցիայի մասնակիցներին Ղազարյանը հորդորել է գրավոր ներկայացնել՝ օրենքի որ կետերի հետ համաձայն չեն: Բողոքողները պնդել են, որ դեմ են ամբողջ օրենքին:

Վալերի Օսիպյանը ակցիայի մասնակիցներից անընդհատ փորձում էր ճշտել՝ ով է կազմակերպիչը, քանի որ նրա խոսքով, դա անհրաժեշտ է հասարակական կարգը պահպանելու համար:

«Կազմակերպիչը երեխես է ու կինս»,- լսվեց ակցիայի մասնակիցներից մեկը ձայնը:

Ակցիան ավանդաբար խոչընդոտում էր ՀՀԿ-ական տատիկը, ում ակցիայի որոշ մասնակիցներ չէին ճանաչում, իսկ նրանցից մեկը տեղեկացրեց՝ «մորքուրը «Առաջ Հայաստանից է»:

«Այդ առաջ էր Հայաստան»,- նկատեց մասնակիցներից մեկը:

Հիշեցնենք, որ նոր օրենքը, որի դեմ բողոքում են առևտրականները, նրանց խոսքով, նպատակ ունի էլ ավելի ծանր իրավիճակ ստեղծել մանր և միջին ձեռնարկատերերի համար, քանի որ տնտեսվարողները նախ պետք է նոր հսկիչ֊դրամարկղային մեքենաներ գնեն, որոնց արժեքը կազմում է 80 հազար դրամ։ Բացի դրանից, պետք է համակարգիչ ներմուծեն և հարկային մարմիններ ուղարկեն իրենց ունեցած ամբողջ ապրանքի մանրամասն նկարագրությունը՝ նշելով ապրանքի քանակը, ձևը, գույնը, այլ չափանիշներ։

Այսօր բազմաթիվ առևտրականներ ստիպված էին հրաժարվել բողոքելուց, քանի որ շուկաների սեփականատերերը սպառնացել են իրենց զրկել աշխատանքից։ Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը կոտրել է բողոքի ակցիային մասնակցած աշխատողների սեղանները և արգելել իր տարածքում առևտուր անել։