Home / Տեսանյութեր / Ղազախստանի հայ համայնքի ղեկավարը հարձակվել է լրագրողի վրա․ «ՀԺ»

Ղազախստանի հայ համայնքի ղեկավարը հարձակվել է լրագրողի վրա․ «ՀԺ»

Երեկ մեկնարկած «Հայաստան֊Սփյուռք» խորհրդաժողովը լուսաբանելու նպատակով Ալ․ Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի տարածքում գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Թագուհի Հովհաննիսյանը հարձակման է ենթարկվել։ «ՀԺ»֊ի փոխանցմամբ՝ Ղազախստանի հայ համայնքի ղեկավար Արտյուշա Կարապետյանը (լուսանկարում) մի քանի անգամ քաշքշել է Հովհաննիսյանի թևից, նրա ձեռքից խլել ձայնագրիչն ու շպրտել, ապա իր հետևից քայլող ինչ֊որ հաստավիզերի հրահանգել՝ «սրան ստեղից կորցրեք»։

Թերթը նշում է, որ երբ Հովհաննիսյանը փորձել է հեռախոսով նկարել հայ համայնքի ղեկավարի պահվածքը, նշված մարդիկ լրագրողից խլել են հեռախոսը՝ սպառնալով այն նետել ջուրը (լրագրողն ու համայնքի ղեկավարը Օպերայի շենքից քայլելով հասած են եղել Կարապի լճի տարածք)։ Հեռախոսը խլելով՝ Կարապետյանի թիկնապահներից մեկը, որի բեյջի վրա գրված է եղել Աբրահամյան Ա․, ջնջել է նկարահանածը, ապա հեռախոսը վերադարձրել։

«Ես մոտեցա Արտյուշա Կարապետյանին ու խնդրեցի պատասխանել իմ հարցերին։ Առաջին հարցս վերաբերում էր համաժողովին, նա նորմալ պատասխանեց։ Հետո ասացի, որ ևս մի քանի հարց ունեմ, որոնք վերաբերում են Ղազախստանի հայ համայնքում տեղի ունեցած աղմկահարույց իրադարձություններին։ Նա լուռ լսում էր․ հարցրեցի՝ Ձեր անվան շուրջ բազմաթիվ մամուլի հրապարակումներ են եղել, որոնցում Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչները դժգոհում են Ձեր գործունեությունից․․․ Այդ մասին լսելուն պես՝ նա լուռ երկու քայլ առաջ արեց։ Ես հետաքրքրվեցի, թե ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ չի մեկնաբանել, իսկ նա շրջվեց, ձայնագրիչս խլեց ձեռքիցս ու շպրտեց»,֊ հայտնել է Թագուհի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ձայնագրիչը իրենից խլելու և այն շպրտելու տեսարանին ներկա են եղել համաժողովի մի քանի կազմակերպիչներ:

«Այս հրապարակումը, ի դեպ, ուղղված է նաև Հայաստանի իրավապահ մարմիններին, և ակնկալում ենք, որ նրանք սահմանված կարգով սա կընդունեն որպես հաղորում հանցագործության մասին»,֊ գրում է թերթը։

«ՀԺ»֊ն հիշեցնում է նաև, որ մարտ ամսին Ղազախստանի հայ համայնքում բարձրացած մեծ աղմուկը կապված էր համայնքային ընտրությունների հետ։ Համայնքի ներկայացուցիչները պնդում էին, որ Արտյուշա Կարապետյանը կեղծել է համայնքի ղեկավարի ընտրություններն ու ինքն իրեն հռչակել համայնքի ղեկավար։