Home / Հայաստան / Սաակաշվիլիի ու նրա ընտանիքի անդամների ունեցվածքի վրա կալանք է դրվել

Սաակաշվիլիի ու նրա ընտանիքի անդամների ունեցվածքի վրա կալանք է դրվել

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ու նրա ընտանիքի ունեցվածքի վրա կալանք է դրվել։ Կալանքի տակ է դրվել նաև նախկին նախագահի մոր՝ Գիուլի Ալասանիայի անունով գրանցված բնակարանը, նախկին նախագահի բնակարանը Կվարելիում, ինչպես նաև Սաակաշվիլիի ու Սանդրա Ռուլովսի անունով գրանցված ամբողջ շարժական ու անշարժ գույքը, հայտնում է Georgia Online կայքը։

Վրաստանի նախկին նախագահի փաստաբան Օտար Կախիձեն հրապարակել է Սաակաշվիլիի ու նրա ընտանիքի կալանված ունեցվածքի ողջ ցուցակը: Նրա տվյալներով՝ կալանք է դրվել Սաակաշվիլիի տատիկի՝ Մզիա Ծերեթելիի հողատարածքի, նրա 10 տարվա «Toyota RAV4» ավտոմեքենայի վրա, Սաակաշվիլիի մորը պատկանող 0,2 հա հողատարածքի վրա, նախկին նախագահի կնոջ անունով գրանցված՝ Թբիլիսիի բնակարանի, նրա տատիկի կառուցվող տան, ինչպես նաև՝ 17 տարվա հնության «Honda Accord» ավտոմեքենայի վրա։

«2014 թվականի օգոստոսի 27֊ին դատախազությունը միջնորդությամբ դիմել է քաղաքային դատարան ու պահանջել կալանք դնել Միխեիլ Սաակաշվիլիի ու նրա հարազատների ունեցվածքի վրա»,֊ ասել է փաստաբանը՝ ընդգծելով, որ հայցը բավարարվել է դատավոր Արսեն Կալատոզիշվիլիի կողմից։

«Դատարանը կարծում է, որ կա կալանք դնելու ինչպես հիմք, այնպես էլ նպատակ»,֊ նշել է Կախիձեն: Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե որն է նպատակն ու ինչ ապացույցների հիման վրա է կալանվել ունեցվածքը:

Փաստաբանը նշել է, որ պաշտպանությունը մտադիր է դիմել Սահմանադրական դատարան ու պարզել տվյալ հոդվածի սահմանադրականության աստիճանը։ «Բնականաբար, մենք քննարկում ենք նաև ՄԻԵԴ դիմելու հնարավորությունը»,֊ ասել է Կախիձեն։