Home / Հայաստան / Եվրամայդանը հարված էր ԽՍՀՄ-ը վերստեղծելու Պուտինի ծրագրերին․ Բժեզինսկի

Եվրամայդանը հարված էր ԽՍՀՄ-ը վերստեղծելու Պուտինի ծրագրերին․ Բժեզինսկի

Մայդանի իրադարձությունները լուրջ հարված էին Պուտինի անձնական ու միջազգային հավակնություններին, հենց այդ պատճառով էլ նա սկսեց զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում։ Obozrevatel.com կայքի փոխանցմամբ՝ այս մասին CNN-ի հետ զրույցում ասել է ամերիկացի պետական գործիչ, քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին։

Քաղաքագետի խոսքով՝ Պուտինի ներկայիս պահվածքը երկու կողմ ունի․ «Կասկած չկա, որ այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում [Եվրամայդան – խմբ․], լուրջ հարված էր Պուտինի անձնական ու միջազգային հավակնություններին, մասնավորապես, նրա ցանկությանը վերստեղծել Խորհրդային Միության նման մի կառույց՝ անվանելով այն Եվրասիական միություն, որտեղ Ռուսաստանն իր համար ամենակարևոր երկրի՝ Ուկրաինայի, ինչպես նաև Բելառուսի և նախկին խորհրդային այլ պետությունների աջակցությամբ կդառնար գերիշխող ուժ, ինչպես Ռուսական կայսրության, Խորհրդային միության ժամանակ էր»։

Փորձագետի խոսքով՝ Ուկրաինայի՝ այդ ճանապարհով չգնալու որոշումը լուրջ խնդիրներ ստեղծեց Պուտինի ծրագրերի համար ու օրինակ ծառայեց մյուս երկրների համար։

«Տեսեք Ղազախստանի, Ուզբեկստանի տատանումները Բելառուսում հանդիպումից հետո։ Մյուս կողմից՝ կա Արևմուտքը։ Ես կարծում եմ, որ մենք շատ դանդաղ ենք Պուտինին համոզում, որ նա չի կարողանա անցնել իր մշակած ամբողջ ճանապարհը։ Կարծում եմ, մենք պետք է ավելի վաղ գործեինք և Ուկրաինային ավելի բացահայտ աջակցություն ցուցաբերեինք»,- ասել է Բժեզինսկին։