Home / Տեսանյութեր / Համատեղության կարգով աշխատողներից սոցվճարները գանձում են օրենքի խախտումով․ փաստաբան (թարմացված)

Համատեղության կարգով աշխատողներից սոցվճարները գանձում են օրենքի խախտումով․ փաստաբան (թարմացված)

Պետական հատվածի այն աշխատողները, ովքեր համատեղությամբ աշխատում են նաև մասնավոր հատվածում, իրականում ունեին հնարավորություն ազատվելու գոնե մասնավոր հատվածում սոցվճարներ կատարելու պարտականությունից, սակայն այդ հնարավորության մասին խոսելն այժմ արդեն ժամանակավրեպ է: Նրանք այդ հնավարությունից կարող էին օգտվել միայն հունիսի 21-ից (օրենքի ընդունման օրվանից) մինչև հուլիսի 1-ը (օրենքի ուժի մեջ մտնելու օրը)։

Եթե պետական հատվածի աշխատողները մինչև հուլիսի 1-ն աշխատանքից դուրս գալու դիմում ներկայացնեին, ապա կարող էին մասնավոր հատվածում ազատվել սոցվճար կատարելուց։ Կարելի է ենթադրել, որ դրանից հետո նրանք կարող էին կրկին վերադառնալ պետական աշխատանքի՝ պահպանելով մասնավոր հատվածում սոցվճար չմուծելու հնարավորությունը, թեև ներկայիս օրենքը այդ հարցին չի պատասխանում։

Եթե պետական աշխատողները դա չեն արել մինչև հուլիսի 1-ը, ապա նրանց համար՝ որպես պետական աշխատողի, ընտրվել է կառավարիչ և սկսվել է գումարներից սոցճարների փոխանցումը։ Ավտոմատ կերպով դա փոխանցվում է նաև բոլոր մյուս աշխատավայրերին՝ անկախ նրանից մասնավոր է, թե պետական։ Բացի դա, եթե անձը որոշի հրաժարվել իր պետական աշխատանքից հուլիսի 1-ից հետո, նա ստիպված է լինելու շարունակել սոցվճարներ վճարել նաև մասնավոր հատվածում ևս, քանի որ, ըստ օրենքի, անձը մեկ անգամ է դառնում սոցվճարների համակարգի մաս և դրանից դուրս գալ այլևս չի կարող։

Նշենք, որ միևնույն ժամանակ 2 գործ ունեցող՝ պետական համակարգում և մասնավոր հատվածում աշխատողները, իրենց երկու աշխատավարձերից էլ սոցվճար կատարելու պարտավորության մասին տեղեկացել են միայն հուլիս ամսին, երբ օրենքը սկսել է կիրառվել։

Հարցը բարձրացվել է «Դեմ եմ» շարժման ակտիվիստների կողմից սոցիալական ցանցերում, մասնավորապես, Կառավարության կողմից ստեղծված «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի էջում։ Հիմնադրամը ստեղծվել է նոր օրենքի մասին հանրությանն իրազեկելու համար, սակայն «Դեմ եմ» շարժման անդամների պնդմամբ՝ կենտրոնն իր այդ պարտականությունը չի կատարել գոնե վերոնշյալ խնդրի մասին մարդկանց տեղեկացնելու հարցում։ «Դեմ եմ» նախաձեռնության անդամ, փաստաբան Մերի Խաչատրյանը (լուսանկարում) Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ սոցվճարներից ազատվելու հնարավորության մասին կենտրոնը հաղորդել է միայն օգոստոսի 8-ին։

Իրավաբանի խոսքով՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածի աշխատողներից սոցվճարները գանձվում են Ֆինանսների նախարարության կողմից առանց որևէ իրավական հիմքի։ Խաչատրյանն ասել է, որ ընդունված օրենքի 81-րդ հոդվածը սահմանում է, թե ովքեր չեն կարող հրաժարվել սոցվճարներից, և դրանց մեջ չի մտնում պետական և մասնավոր հատվածներում համատեղության կարգով աշխատողները։

Հիշեցնենք, որ խնդրի մասին բաց նամակով ՀՀ վարչապետին են դիմել մի խումբ դասախոսներ, ովքեր աշխատում են նաև մասնավոր հատվածում։