Home / Հայաստան / Քաղբանտարկյալն ուրախ է, որ դատարանը մերժել է իր կալանքը փոխելու մասին միջնորդությունը

Քաղբանտարկյալն ուրախ է, որ դատարանը մերժել է իր կալանքը փոխելու մասին միջնորդությունը

Շանթ Հարությունյանի և ընկերների գործով անցնող քաղբանտարկյալ Արմեն Հովհաննիսյանն այսօր դատարանում շնորհակալություն է հայտնել նախագահող Մնացական Մարտիրոսյանին, երբ վերջինս մերժել է իր նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը։ Հովհաննիսյանը խնդրում էր կալանքը փոխարինել գրավի դիմաց ազատ արձակմամբ։

Ամբաստանյալն ասել է, որ դատարանն այսպիսով ևս մեկ անգամ ապացուցել է, որ ինքը ճիշտ է իր քաղաքական դիրքորոշման մեջ։

«Իշխող էլիտան Հայաստանը դարձրել է ոստիկանական բռնապետություն, որտեղ յուրաքանչյուր քաղաքացու խոշտանգում են իր քաղաքական հայացքների համար։ Իշխանական բեսպրեդելը դրդում է քաղաքացիներին փախնել երկրից։ Ես չէի կարող լռել, այդ պատճառով դուրս եմ եկել արժեքների հեղափոխության։ Իշխանությունը, դատելով մեզ, ինքն իրեն դատապարտում է ոչնչացման»,- ասել է Հովհաննիսյանը։

Նրա պաշտպան Արա Զաքարյանը միջնորդել է փոխել ամբաստանյալի նկատմամբ կիրառվող խափանման միջոց կալանքը։ Հովհաննիսյանը խնամքին ունի երեք անչափահաս երեխա, կին և ծնողներ։ Նրա խափանման միջոցի փոփոխման մասին միջնորդելով երկրորդ անգամ՝ պաշտպանը հիշեցրել է, որ Հովհաննիսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը դատական փուլում չի ապացուցվել։ Հովհաննիսյանը մեղադրվում է 2 ոստիկանների հրելու և ֆիզիկական ցավ պատճառելու մեջ։

Նշենք, որ Շանթ Հարությունյանը և նրա 13 ընկերները մեղադրվում են նոյեմբերի 5-ին իրենց նախաձեռնած երթի ընթացքում որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, որը նախատեսում է 4-ից 7 տարվա ազատազրկում։ Նրանից 3-ը՝ Մկրտիչ Հովհաննիսյանը, Արթուր Մարգարյանը, Վահե Մկրտչյանը, մեղադրվում են նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, ինչը նախատեսում է 5-ից 10 տարվա ազատազրկում։ Ամբաստանյալները չեն ընդունում իրենց մեղքը, մասնավորապես, նշելով, որ երթին խանգարել են սադրիչները, իսկ քաղաքացիական հագուստով ոստիկաններն իրենք են հրահրել ընդհարումը։