Home / Հայաստան / Աղմկահարույց սպանության գործով բժիշկ է ձերբակալվել

Աղմկահարույց սպանության գործով բժիշկ է ձերբակալվել

Օգոստոսի 26-ին ձերբակալվել է «Վանաձոր» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Վլադիմիր Ղուկասյանը։ Համաձայն ՀՀ դատախազության կայքի` նա կասկածվում է 15-ամյա Դավիթ Հովակիմյանի բուժման ընթացքում մասնագիտական պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և դրանք ոչ պատշաճ կատարելու հետևանքով անզգուշությամբ բուժվող հիվանդի մահն առաջացնելու մեջ:

Համաձայն պաշտոնական վարկածի` բժիշկը պատշաճ չի կատարել իր մասնագիտական պարտականությունները, երբ 2013 թվականի հոկտեմբերի 12-ին կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերքով Վանաձորի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Երևանի բնակիչ Հովակիմյանը, ով Վանաձորում մասնակցում էր հանդբոլի հանրապետական մրցաշարին:

Մինչ բժշկին մեղադրանք առաջադրելը, սպանության մեջ էր մեղադրվում Վանաձորի բնակիչ Կարեն Կունգորցևը, ում մեղադրանքը փոփոխվել է՝ այժմ նրան մեղադրում են սպանության փորձի մեջ։ Կունգորցևը հերքում է մեղադրանքը։ Երեկ Eprerss.am-ի հետ զրույցում Կունգորցևի պաշտպան Արայիկ Պապիկյանը նշել է, որ 10 ամսից ավել ընթացող նախաքննության ժամանակ պաշտպանական կողմին հրաժարվել են գործի նյութերը տրամադրել։ Փաստաբանի խոսքով՝ ինքը դա կարող է բացատրել նախաքննության գաղտնիքը պահելու ցանկությամբ, բայց նախաքննական մարմինը հենց ինքն է խախտել այդ գաղտնիքը գործի քննության սկզբում՝ ոստիկանության կայքում տվյալներ և տեսանյութեր հրապարակելով, որոնք նաև անմեղության կանխավարկածի խախտում են հանդիսանում։

Նշենք, որ գործի քննության ընթացքում իրավապաշտպաններն ու փաստաբանը բազմիցս մատնանշել են նախաքննության ընթացքում գրանցված խախտումների մասին։ Մեղադրյալը կալանքի տակ գտնվելու ընթացքում դիմել է ինքնավնասման, հացադուլ է իրականացրել: Մեղադրյալի մայրը նշել է, որ որդուն ծեծել են ոստիկանությունում՝ պահանջելով ընդունել մեղքը: Կունգուրցևի արյան նմուշի փորձաքննությունը ցույց է տվել, որ շորերի վրա սպանվածի արյունը չի եղել:

Գործի մանրամասները՝ այստեղ