Home / Հայաստան / Դպրոցի դատապարտված տնօրենը հաղթել է մրցույթը, բայց արդյունքներն անվավեր են ճանաչվել

Դպրոցի դատապարտված տնօրենը հաղթել է մրցույթը, բայց արդյունքներն անվավեր են ճանաչվել

Երևանի թիվ 27 դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար օգոստոսի 1-ին կայացած մրցույթի արդյունքներն անվավեր են ճանաչվել, հայտնում է «Փաստինֆո»-ն՝ հղում կատարելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին:

«Պատասխանն ընդամենը երեկ ենք ստացել նախարարությունից, ես այսօր պիտի զեկուցեմ քաղաքապետին, որից հետո արդեն ըստ ընթացակարգի, նոր մրցույթ կհայտարարվի»,- ասել է Սողոմոնյանը։

Թիվ 27 դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանը 2013 թվականին քրեական պատասխանատվության է ենթարկվել՝ դպրոցի բյուջեի միջոցները յուրացնելու, պետությանը խոշոր չափերի՝ 2 միլիոն 216 հազար դրամի վնաս հասցնելու համար:

Ըստ մեղադրանքի՝ 2009-2012թթ. նա կեղծ գրանցումներ էր կատարել, աշխատանքային պայմանագրեր կնքել 4 անձանց հետ, ովքեր աշխատանքի չէին եկել, իսկ նրանց անունով դուրս գրված աշխատավարձերը տնօրենը յուրացրել էր:

Եվ ահա օգոստոսի 1-ին դպրոցի տնօրենի թափուր մնացած պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցել էր նաև համաներմամբ պատժից ազատված Սուսաննա Սարգսյանը: Ու թեև թափուր պաշտոնի համար պայքարում էր 4 թեկնածու, բայց մրցութային հանձնաժողովի 6 անդամներից 4-ը ընտրել էին հենց Սուսաննա Սարգսյանին:

Մրցույթին հետևած հասարակական դժգոհության արդյունքում Կրթության և գիտության նախարարությունը հայտարարեց, թե կուսումնասիրի հարցն ու կհրապարակի վերջնական որոշումը:

Ավելի վաղ նախկին տնօրենի՝ մրցույթին մասնակցելու մասին ահազանգել էր Երևանի ավագանու կրթության հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը։

Նա նշել էր, որ Երևանի քաղաքապետ պարոն Մարգարյանը պետք է կանխի դպրոցի կառավարման խորհրդի այս քայլը, նամանավանդ որ դպրոցների տնօրենների նկատմամբ քրեական գործերը շարունակվում են (վերջինը թ.174 դպրոցի նախկին տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործը)։

«Արդեն դատապարտված տնօրենի վերոնշյալ քայլը անելու նախադեպը փաստում է, որ դատապարտված տնօրենն անցնելով բարոյականության բոլոր սահմանները, փորձում է ցույց տալ, որ Հայաստանի Հանրապետությունում օրենք չկա», – ասել էր Բախշյանը: