Home / Տեսանյութեր / Աշոտյանն ասել է՝ ինչու է ՀՀ-ն գումար ծախսելու ռուսական բուհի մասնաճյուղի վրա

Աշոտյանն ասել է՝ ինչու է ՀՀ-ն գումար ծախսելու ռուսական բուհի մասնաճյուղի վրա

Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը (ՄՊՀ) մասնաճյուղեր է բացում բացառապես այն երկներում, որոնք համաձայնում են ստանձնել համալսարանի մասնաճյուղի ֆինանսավորման պարտավորությունները։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Աշոտյանն ասել է, որ նույն սկզբունքով մոսկովյան բուհի մասնաճյուղեր են գործում, օրինակ, Ադրբեջանում և Ղազախստանում։

Նշենք, որ համաձայն Երևանում ռուսաստանյան բուհի մասնաճյուղի հիմնադրման մասին համաձայնագրի՝ մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի և մյուս մասնագետների նյութական ապահովումն իրականացվելու է ՀՀ բյուջեի հաշվին։

Աշոտյանը չի ասել, թե կոնկրետ որքան է Հայաստանի Հանրապետությունը ծախսելու մասնաճյուղի ստեղծման և հետագա գործունեության համար։ Նախարարը համարում է, սակայն, որ արժի գումար ծախսել մի բուհի մասնաճյուղի վրա, որը ներառված է աշխարհի լավագույն 200 բուհերի շարքում։

«Լոմոնոսովի անվան համալսարանն աշխարհի լավագույն 200 բուհերից մեկն է։ Մենք մինչ այժմ չունենք նման վարկանիշով համալսարանի մասնաճյուղի՝ Հայաստանում գործելու փաստը, և ես շատ ուրախ կլինեմ, որ իմ օրոք մասնաճյուղը բացվի, որովհետև 4 տարի բանակցել ենք ռուսական կողմի հետ։ Մենք ներդրումները արդարացված ենք համարում։ Պրոյեկտը համարում եմ շատ հետաքրքիր և հեռանկարային կրթական և, ինչու չէ, հայ-ռուսական հարաբերությունների տեսակետից»,- ասել է Աշոտյանը։

Ըստ նրա՝ ներդրումները արդարացված են, քանի որ համալսարանի շնորհիվ այլ երկներից ևս մարդիկ կգան Երևան՝ կրթություն և ՄՊՀ-ի դիպլոմ ստանալու համար։

Նախարարի խոսքով՝ այս թեման հասարակական քննարկման է դրվել, քանի որ քաղաքական նեղ շրջանակներում ցանկանում են «Ռուսաստանի հետ առնչվող ցանկացած երևույթի շուրջ «անտեղի աղմուկ բարձրացնել»։

Աշոտյանն ասել է նաև, որ դեռևս հայտնի չէ՝ ստեղծվելիք մասնաճյուղի ֆակուլտետների թիվը, սակայն կլինեն և՛ հումանիտար, և՛ բնագիտական բաժիններ։

Նշենք, որ Հայաստանում գործում են նաև այլ միջպետական համալսարաններ, ինչպիսիք են Ամերիկյան hամալսարանը, Ֆրանսիական համալսարանը, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան, որոնց գործունեության մեջ պետության մասանկցությունը սահմանափակվում է մոտ մեկ տասնյակ պետպատվեր տեղեր ունենալով։