Home / Տեսանյութեր / Հայրը պնդում է՝ իրեն չեն ասել բանակում մահացած որդու գործով ԼՂՀ-ում անցկացված նիստերի մասին

Հայրը պնդում է՝ իրեն չեն ասել բանակում մահացած որդու գործով ԼՂՀ-ում անցկացված նիստերի մասին

2013 թվականի հուլիսի 30-ին ԼՂՀ Մարտակերտի զորամասերից մեկում զոհված 20-ամյա զինծառայող Արման Մուրադյանի գործով դատական մի քանի նիստ է անցկացվել առանց տուժողի իրավահաջորդին տեղյակ պահելու։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը։

Նրա խոսքով՝ ինքը նախորդ նիստերի մասին տեղեկացել է Ստեփանակերտի դատարանում գործով որպես վկա անցնող զորացրված զինվորից։ Հովսեփ Մուրադյանը նշել է, որ ծանուցվել է հունիսի 25-ի, ապա օգոստոսի 22-ի նիստերի մասին, իսկ դրանց միջև ընկած ժամանակահատվածում կայացած նիստերի մասին իրեն նույնիսկ բանավոր տեղյակ չեն պահել։

Մուրադյանն իրեն չծանուցելու փաստի մասին նամակ է ուղարկել ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին և ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի դեսպանություններին և ԵԱՀԿ-ի ներկայացուցչությանը։

Մուրադյանի խոսքով՝ ինքը չի պատրաստվում մասնակցել օգոստոսի 22-ի դատական նիստին, իսկ իր որոշումը բացատրում է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրի դատավոր Ա․ Մնացականյանի նկատմամբ ունեցած անվստահությամբ։ Տուժողի իրավահաջորդը նշել է, որ դատարանը չի պատասխանել իրենց բերած ոչ մի միջնորդությանը։ Մուրադյանը դիմել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին և ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ խնդրելով դատական նիստերը ԼՂՀ մայրաքաղաքից տեղափոխել Հայաստան։ Պաշտոնյաները խոստացել են միջնորդել և հարցին դրական լուծում տալ, սակայն մինչ օրս դա չի արվել։

Մուրադյանը նշում է, որ չի վստահում նախաքննության մարմնին և որդու մահվան վարկածն արժանահավատ չի համարում։ Համաձայն պաշտոնական վարկածի, Արման Մուրադյանը ինքնասպան է եղել, մինչդեռ տուժող կողմը պնդում է, որ տեղի է ունեցել սպանություն։ Ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանն ավելի վաղ Epress.am-ին ներկայացրել էր սպանության վարկածի հիմնավորումները։