Home / Տեսանյութեր / ՀՀ ԱԳՆ-ին կոչ են անում ՄԱԿ-ում բարձրաձայնել Իրաքի եզդիների խնդիրը

ՀՀ ԱԳՆ-ին կոչ են անում ՄԱԿ-ում բարձրաձայնել Իրաքի եզդիների խնդիրը

Այսօ օրերին Իրաքի հյուսիսում՝ Սինջար լեռան վրա, փաստացի շրջափակման մեջ են գտնվում ավելի քան 20,000 եզդիներ, որոնք չունենալով սնունդ և խմելու ջուր, մահվան եզրին են: Այս մասին ահազանգում են Հայաստանում եզդիների իրավունքներով զբաղվող չորս կազմակերպություններ՝ դիմելով ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին և ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության դեսպան՝ Զոհրապ Մնացականյանին։

«Սինջար եզդիների ազգային միավորում», «Եզդիների ազգային կոմիտե», «Եզդիների ազգային միություն», «Միդիա-Շանգալ եզդիների ազգային միավորում» Հկ-ները իրենց նամակում կարծիք են հայտնում, որ փաստացի ցեղասպանությունը կասեցնելու նպատակով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է լիազորել խաղաղարար զորքերի մուտքն Իրաք, ինչպես նաև խնդրում են հայաստանյան կողմին ՄԱԿ-ում բարձրաձայնել եզդիների խնդիրը։

«Իրաքում ծայրահեղ իսլամիստական և ահաբեկչական խմբավորումների գործողությունների արդյունքում ստեղծվել է մարդկային աղետի իրավիճակ, որի զոհերի և տուժածների մեծ մասը իրաքաբնակ էթնիկ և կրոնական փոքրամասնություններն են, իսկ նրանց շարքում՝ եզդիները: Համաձայն ՄԱԿ-ի հուլիսի 9-ի տեղեկատվության, ավելի քան 850 հազար մարդ է Իրաքում տեղահանվել վերջին մեկ ամսվա ընթացքում, որոնցից 200 հազարը՝ միայն վերջին մեկ շաբաթում: Որպես ցեղասպանության արհավիրքը սեփական ժողովրդի մաշկի վրա կրող պետության ներկայացուցիչ, ինչպես նաև եզդի փոքրամասնություն ունեցող պետության ներկայացուցիչ, և որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, խնդրում ենք, որ Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում բարձրաձայնի Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ինչպես նաև հորդորի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին՝ ընդունել մարդասիրական ռազմական միջամտություն լիազորելու բանաձև»,- ասված է բաց նամակում։

Նշենք, որ եզդիական համայնքի կոչին միացել են նաև մի շարք Հայաստանի քաղաքացիներ։ «ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստորագրահավաքը շարունակվում է։