Home / Հայաստան / Լեյլա Յունուսի դեմ առաջադրված մեղադրանքները կեղծ են․ Amnesty International

Լեյլա Յունուսի դեմ առաջադրված մեղադրանքները կեղծ են․ Amnesty International

Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի ձերբակալությունը ևս մեկ անգամ վկայում է այդ երկրում մարդու իրավունքների ծանր վիճակի մասին։ Այս մասին ասված է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ։

«Լեյլա Յունուսն Ադրբեջանի անկախ ձայներից մեկն է, որն իշխանությունները երկար ժամանակ փորձում էին լռեցնել սպառնալիքների ու ահաբեկումների ճանապարհով։ Ի վիճակի չլինելով հասնել դրան՝ նրանք դիմեցին կեղծ մեղադրանքների՝ կառավարությանը քննադատելու համար նրան պատժելու նպատակով», – ասել է կազմակերպության ներկայացուցիչ Նատալիա Նոզաձեն։

Նրա խոսքով՝ Ադրբեջանում իրավապաշտպանների նկատմամբ հետապնդումները շարունակվում են, չնայած երկրի պարտավորություններին՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ, ու այն փաստին, որ Ադրբեջանն այս տարի ստանձնել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը։

«[Յունուս ամուսինների] ձերբակալությունը քննադատական ձայների ճնշման ևս մեկ օրինակ է, ինչը բնորոշ է երկրում տիրող իրավիճակին։ Եվրոպայի խորհրդի անդամները պետք է կոչ անեն Ադրբեջանի իշխանություններին՝ դադարեցնել երկրում մարդու իրավունքների ոտնահարումները»,- ասել է Նոզաձեն։

Amnesty International-ի տվյալներով՝ ներկայումս Ադրբեջանում կա առնվազն 19 խղճի գերի, որոնք անազատության մեջ են գտնվում բացառապես իրենց հայացքների խաղաղ արտահայտման համար։

Նշենք, որ երեկ՝ հուլիսի 30-ին, Բաքվի դատարանը վճռել է Լեյլա Յունուսին ազատազրկել 3 ամիս ժամկետով, իսկ նրա ամուսինը՝ Արիֆ Յունուսովը, հանձնվել է ոստիկանության վերահսկողության տակ։ Ինչպես Turan գործակալությանը հայտնել է փաստաբան Ջավադ Ջավադովը՝ Լեյլա Յունուսի դեմ առաջադրվել են մեղադրանքներ պետական դավաճանության, հարկերից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, փաստաթղթերի կեղծման, խոշոր ծավալի խարդախության հոդվածների հատկանիշներով։

Արիֆ Յունուսովի դեմ առաջադրվել են մեղադրանքներ խարդախության և պետական դավաճանության հոդվածներով։ Ամուսինների փաստաբանի խոսքով՝ նրանք հերքել են իրենց դեմ առաջադրված մեղադրանքները։

Նախկինում Լեյլա Յունուսը բազմիցս հայտարարել է, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումները կապում է երկրի իշխանությունների՝ «Հայաստանի լրտեսների խումբ բացահայտելու» ցանկության հետ։ Նրան բազմիցս հարցաքննել են ադրբեջանական «Հայելի» թերթի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի գործով, ով նույնպես մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Միրկադիրովն ավելի քան երեք ամիս է՝ գտնվում է անազատության մեջ՝ «Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու» մեղադրանքով։